Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ` Քոչարյանի խափանման միջոցը որոշելու

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություններ ներկայացվեցին, բայց դատախազն առարկեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին դատարանի որոշումը հայտնի կլինի մայիսի 13–ին, ժամը 17։ 50։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստի ժամանակ հայտնեց դատավոր Աննա Դանիբեկյանը։

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ` Քոչարյանի խափանման միջոցի հարցը որոշելու։

Նշենք, որ այսօր ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը հանդես եկան Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկով։

«Ոնց որ հանրակացարանում ապրեմ». Ռոբերտ Քոչարյանը պատմեց պահման պայմանների մասին

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ խափանման միջոցը վերացնելու կամ կալանքի փոխարեն գրավ կիրառելու միջնորդություն ներկայացրեց։

Քոչարյանի գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկեց ներկայացված միջնորդությունները` ասելով, որ մինչ այս դատարանն այսպես էլ չի անդրադարձել իրենց այն մտահոգություններին, որ Քոչարյանն ազատության մեջ կարող է վկաների վրա ճնշում գործադրել։ «Մինչ օրս դատավարական որևէ գործողություն չի իրականացվել, որպեսզի այդ ռիսկերը նվազեցվեն։ Որևէ վկա չի էլ հարցաքննվել»,–ասաց Բաղդասարյանը։

Ռոբերտ Քոչարյանը վիրահատության կարիք ունի. Չարչյան

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Քոչարյանն ապրիլի 28-ին քննչական մեկուսարանից տեղափոխվել էր Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Լուրեր էին շրջանառվում, որ նա չի ներկայանա այսօրվա դատական նիստին, քանի որ պետք է վիրահատվի։ Սակայն երեկ նրա որդին` Լևոն Քոչարյանը, հայտարարել էր, որ հայրը կներկայանա դատական նիստին։

Պաշտպանը բողոքում է. ՄԻՊ-ը չի արձագանքում Քոչարյանի իրավունքների խախտումներին