Ամբիոնի վարիչը կաշառքով գնահատականներ է նշանակել. նրան կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեն կաշառակերության հերթական դեպքն է բացահայտել կրթության ոլորտում: Այս անգամ բացահայտվել են ամբիոնի վարիչի արարքները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրվել Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանի ֆակուլտետներից մեկի ամբիոնի վարիչին:

Հնարավոր է` Ռոբերտ Քոչարյանը մասնակցի մայիսի 8-ի դատական նիստին

Քննությամբ պարզվել է, որ տվյալ դասախոսը որոշակի գումարի դիմաց ուսանողներին դրական գնահատականներ է նշանակել կիսամյակային, կուրսային աշխատանքների, քննությունների, ստուգարքների դիմաց:

Ընդ որում, գումարը պահանջել և ստացել է միջնորդի միջոցով: Նրա միջոցով պայմանավորվել է ուսանողների հետ, իսկ ստացած կաշառքների մի մասը մատուցած ծառայության դիմաց տվել է միջնորդին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ամբիոնի վարիչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (առևտրային կաշառքը) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 3-րդ մասի 3-րդ կետով և 311-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Գուրգեն Խաչատրյանն աջակցե՞լ է կաշառք ստանալուն. կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2020 թվականի մայիսի 5-ին ամբիոնի վարիչը ձերբակալվել  և խոստովանական ցուցմունք է տվել։

Ուսանողներից 8-ին էլ մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (առևտրային կաշառքը) 1-ին և 312-րդ հոդվածի (կաշառք տալը) 1-ին մասերով, իսկ միջնորդին՝ 38-200-րդ (առևտրային կաշառք ստանալուն օժանդակելը) հոդվածի 1-ին և 313-րդ հոդվածի (կաշառքի միջնորդությունը) 1-ին մասերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։