Ընձառյուծը 50 տարի անց վերադարձել է Տավուշի մարզ․ տեսանյութ

WWF տեսախցիկները որսացել են, թե ինչպես է ընձառյուծը զբոսնում Ենոքավանում։ Ընձառյուծ վերջին անգամ այդ տեղանքում տեսել են 1970-ականներին։
Sputnik

Վայրի բնության հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակը տեղեկացնում է, որ 50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ։ Գրասենյակը նաև Facebook-յան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ընձառյուծը երևում է իր ողջ հմայքով։

Տխուր սիրո պատմություն. Կարմիր գրքի հովազը Հայաստանում փնտրում է իր կեսին և չի գտնում

«Դեռ 2019–ի նոյեմբերի 19-ին լուրեր տարածվեցին, որ Ենոքավանի բնակիչներից մեկի վրա ընձառյուծ է հարձակվել: Հետագայում հարձակումից տուժած գյուղացու հագուստից որպես նմուշ վերցված կենդանու մազերի լաբորատոր հետազոտությունը, որը կատարվել էր Գերմանիայում, 99% ճշտությամբ հերքել էր ընձառյուծի հարձակման փաստը: Դաշտային հետազոտությունների արդյունքում նույնպես ընձառյուծի գոյության փաստ չէր հայտնաբերվել»,–նշված է գրասենյակի հաղորդագրության մեջ։

Չնայած դրան, WWF Հայաստանի մասնագետները շարունակել են դաշտային հետազոտությունները։ Ընդլայնվել է տեսախցիկների տեղադրման աշխարհագրությունը։ Հետազոտություններին մեծ աջակցություն են ցուցաբերել հենց ինքը՝ Արման Գաբրիելյանը, Ենոքավանի բնակիչները, ինչպես նաև «Ապագա ռեզորթ» ընկերությունը․ արդյունքում՝ տեսախցիկները ֆիքսել են ընձառյուծին։

Ընձառյուծն ինքնամեկուսացել է Խոսրովի անտառում. նոր լուսանկարի հումորային արձագանքները

Ի դեպ, այդ տարածքում վերջին անգամ ընձաառյուծ հանդիպել է 1970-ականներին։ Տավուշը դարձավ չորրորդ մարզը Հայաստանում, որտեղ ընձառյուծ է բնակվում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս տարածել է ընծառյուծի զբոսանքի տեսանյութը Facebook սոցցանցի իր էջում, որին կից գրել է. «Ընձառյուծը Ենոքավանում։ Ֆանտաստիկ նորություն»։

Հիշեցնենք, որ Արման Գաբրիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել էր, որ 5 րոպե կռիվ է տվել ընձառյուծի հետ, որը ժայռից թռչել էր նրա ուղղությամբ։ Երբ Արմանը նկատել էր հովազին, ձեռքը բռունցք էր արել ու մտցրել նրա երախի մեջ, որպեսզի կենդանին դեմքը չվնասի։ Շուրջ 5 րոպե կռիվ տալուց հետո ընձառյուծը հեռացել էր։