Վենետիկը փակ է, բայց Երևանն էլ պակաս «Վենետիկ» չէ. հորդառատ անձրևի հետևանքները. տեսանյութ

Ջրահեռացման` տարիներով չլուծվող խնդրի հետևանքով հորդառատ անձրևից հետո երևանյան փողոցները ողողվել էին ջրով։
Sputnik

Երևանում այսօր տեղացած անձրևը խնդիրների առաջ է կանգնեցրել վարորդներին և ոչ միայն նրանց։ Մայիսի 6–ի երեկոյան մայրաքաղաքի փողոցներում ավտոմեքենայով անգամ ավտոբուսով երթևեկելը եթե չասենք անհնար, ապա շատ դժվար էր դարձել։

Արևի մասին դեռ կարող ենք երազել միայն. եղանակի տեսություն

Ջրահեռացման` տարիներով չլուծվող խնդրի հետևանքով երևանյան փողոցները ողողվել էին ջրով, դրությունը կփրկեին վենետիկյան ջրային ավտոբուսները, բայց, ցավոք, դրանցից չունենք։

Sputnik Արմենիայի թղթակիցը դժվարությամբ տուն հասնելու ճանապարհին նկարահանել է «ջրային» իր ճամփորդությունը։

Իսկ Shamshyan.com–ի տեղեկություններով` անձրևի հետևանքով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի գործերի կառավարչության տրանսպորտային բաժնի վարչական տարածքը ողողվել է ջրով։ Մեծ թվով ավտոմեքենաներ մասամբ մնացել են ջրի տակ, իսկ վարորդները չեն կարողացել ավտոմեքենաները դուրս բերել։

Օգնության են հասել ՀՀ ԱԻՆ աշխատակիցները։ Գագիկ Շամշյանն էլ իր Facebook—ի էջում նաև նկարներ է հրապարակել, որտեղ երևում է, որ փողոցները ծնկաչափ ջրով են լցված։

Հիշեցնենք, այսօր երեկոյան ժամին Երևանում և Հայաստանի շատ շրջաններում երկար ժամանակ հորդառատ անձրև տեղաց։