ՌԱԴԻՈ

Ավետիսյան. «Կառավարության ծրագիրը չի լուծում կայուն զբաղվածության հարցը»

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կորոնավիրուսի համավարակի պատճառով արտագնա աշխատանքից զրկված մեր հայրենակիցների խնդրին, որի լուծման նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է երկրի ներսում սկսել մեծածավալ շինարարական աշխատանքներ։
Sputnik
Ավետիսյան. «Կառավարության ծրագիրը չի լուծում կայուն զբաղվածության հարցը»

Տնտեսագետ, ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանի կարծիքով` կառավարության՝ արտագնա աշխատանքի մեկնողներին ժամանակավոր աշխատանքով ապահովելու որոշումը կարող է ինչ–որ չափով դիտարկվել որպես հարցի լուծում, բայց ոչ ամբողջական։ Ըստ նրա` նախևառաջ կարևոր է այն գիտակցումը, որ հարցի նկատմամբ կառավարությունը ցուցաբերում է ուշադրություն, քանի որ խոսքը բազմահազար մարդկանց մասին է, որոնք մեկնում են արտագնա սեզոնային աշխատանքի և ներգրավվում ամենատարբեր բնագավառներում իրականացվող աշխատանքներում։ 

Պանդեմիայից հետո Հայաստանում կընդլայնվի՞ հեռավար աշխատանքի մեթոդաբանությունը. ի՞նչ սպասել

«Այդուհանդերձ պետք է նշել, որ ոչ բոլորն են մեկնում հենց շինարարության ոլորտում աշխատելու։ Նրանցից շատերն ունեն տարբեր մասնագիտություններ։ Երկրորդ կարևոր հանգամանքը մարզային գործոնն է։ Այդ առումով Հայաստանի բոլոր տարածքներում չէ, որ հնարավոր է իրականացնել կապիտալ շինարարություն։ Հատկապես այն տարածքները, որոնք հայտնի են արտագնա միգրացիայի բարձր թվերով, օրինակ, Գեղարքունիքի մարզը, տեղի բնակիչները չեն կարող տասնյակ կիլոմետրեր ընդգրկող հեռավորության վրա զբաղվել շինարարությամբ, լուծել կեցության հարցերը, առավել ևս վաստակել այնքան գումար, որքան վաստակում են արտասահմանում,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Շրջակա միջավայրի նախարարությունն աշխատանք է առաջարկում մարզերի բնակիչներին

Ավետիսյանը մատնանշում է նաև այն կարևոր հանգամանքը, որ կառավարության ծրագրով նախատեսված կապիտալ շինարարությունը որոշակի մասով ենթադրում է սեզոնային զբաղվածություն և ժամանակավոր վարձատրություն, այսինքն` չի լուծում կայուն եկամտի ու կայուն զբաղվածության հարցը։ Ըստ նրա` սա առիթ է, որպեսզի զարկ տրվի զբաղվածության պետական ծրագրերին, և քաղաքացիներն ապահովվեն կայուն աշխատատեղերով, իսկ դրա համար արդեն կա որոշակի ներուժ։ 

Աշխատանքի տոնը շատերը նշում են աշխատանքից զրկված

«Զբաղվածության պետական ծրագրերը ցավոք անտեսվել են կամ թերակատարվել 2018-19 թվականներին քաղաքական իշխանության և մասնավորապես պատասխանատու մարմնի` նախարարության կողմից։ Այդ ծրագրերը պետք է վերաիմաստավորվեն, դրանց պետք է նոր թափ տրվի, որովհետև դրանց շնորհիվ կլուծվի կայուն զբաղվածության հարցը։ Անհրաժեշտ է մտածել նաև մարդկանց վերամասնագիտացման, նրանց նոր հմտություններ տալու մասին, հետևաբար մասնագիտական վերապատրաստման ծրագիրը նույնպես պետք է դիտարկվի տվյալ համատեքստում»,– նշեց տնտեսագետը։ 

Ավետիսյանի գնահատմամբ` խնդիրը բազմակողմանի է և հայտնի չէ, թե աշխարհում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը երբ կշտկվի, ուստի կառավարությունը քաղաքացիների զբաղվածության հարցը պետք է լուծի ներքին աշխատաշուկայի հաշվին, սակայն ոչ մեկ գործիքի միջոցով, հակառակ դեպքում, ըստ Ավետիսյանի, խնդիրը կլուծվի մեկ երրորդի չափով։