Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետն ազատվել է աշխատանքից

Աշխատանքից ազատված ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետին արդեն իսկ փոխարինող է նշանակվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հրամանով` ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանն աշխատանքից ազատվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։

Գավառի վենդետայի հետքերով, կամ երբ «ասֆալտին փռելու» քաղաքականությունը քո դեմ է աշխատում

«Գևորգ Հակոբյանը ոստիկանության կադրերի տրամադրության տակ է անցել»,–հայտնեցին ոստիկանությունից։

Հակոբյանին փոխարինող է նշանակվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը։

Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Գավառի Ազատության փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք), շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակահերթ էին արձակել Նորատուս համայնքի բնակիչներ Վահե Ավետիսյանի, Հրաչյա Հակոբյանի, Արմեն Սարգսյանի, Արտյոմ Պետրոսյանի և Սասուն Մելոյանի, Գավառի բնակիչներ Զոհրաբ Պարոնիկյանի, Արմեն Հայթյանի և Վարդան Դավոյանի ուղղությամբ, ինչի հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից Վ.Ավետիսյանը և Զ.Պարոնիկյանը տեղում մահացել էին, իսկ մյուսները՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Գավառ ԲԿ» ՓԲԸ:

Սպանություններից ու հարձակումից հետո ի՞նչ էր կատարվում Գավառում. լուսանկարներ

Դեպքից որոշ ժամանակ անց մի խումբ անձինք հարձակվել էին Գավառի հիվանդանոցի վրա, կոտրել ապակիները և գույքը, հարվածներ հասցրել Դավիթ Հայթյանին՝ պատճառելով մարմնական տարբեր վնասվածքներ: Բացի այդ, նրանք շրջափակել էին Գավառի հիվանդանոցի մուտքերը, բռնություն գործադրել այնտեղ ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, մուտք գործել հիվանդանոց՝ կոտրել մուտքի դռները և վնասել հիվանդանոցի գույքը:

Գավառում տեղի ունեցած սպանությունների ու հիվանդանոցի վրա հարձակման հարյուրավոր մասնակիցներից 13-ը կալանավորվել են: