«Փարկինգ Սիթի Սերվիսը» Երևանի քաղաքապետարանից 1.6 մլն դոլար է հափշտակել

Երևանի քաղաքապետարանը երեք տարի առաջ «Փարկինգ Սիթի Սերվիսին» 3 300 000 ԱՄՆ դոլար է հատկացրել՝ իբր վարկային պարտավորությունը մարելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Երևանի ավտոկայանատեղիներն ու տեսանկարահանող սարքավորումները վերահսկող «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության հիմնադիրն ու տնօրենը, կեղծ փաստաթղթեր կազմելով ու պաշտոնեական դիրքը չարաշահելով, հափշտակել են շուրջ 1.6 մլն ԱՄՆ դոլար: Նման բացահայտում է արել ՀՀ քննչական կոմիտեն:

Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում կարմիր գծեր չեն լինի. Սիսակ Գաբրիելյան

Հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2016թ-ին հանրությանը ներկայացվել է, որ ընկերության սեփականատերն այն «նվիրում» է Երևանի քաղաքապետարանին, մինչդեռ իրականում վաճառել է:

«Փարկինգ Սիթի Սերվիսի» տնօրենն ու սեփականատերը կազմել են 10.02.2013թ.-ի թվագրմամբ կեղծ փոխառության պայմանագիր, որի համաձայն` փոխատուն՝ Բելիզում գրանցված ՍՊ ընկերությունը, իբր պարտավորվել է փոխառուին՝ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ին, տրամադրել փոխառություն՝ 1.999.990 ԱՄՆ դոլարի չափով՝ մինչև 08.06.2017թ. մարման պահանջով, տարեկան 21% տոկոսադրույքով:

Իսկ 30.05.2017թ. որոշմամբ Երևանի քաղաքապետարանը «Փարկինգ Սիթի Սերվիսին» է հատկացրել 3 300 000 ԱՄՆ դոլար գումար՝ իբր վարկային պարտավորությունը մարելու համար:

Երվանդ Զախարյանի և Արսեն Լալայանցի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. ՀՔԾ

Պարզվել է նաև, որ «Փարկինգ Սիթի Սերվիսի» փոխառությունն իրականում կազմել է 2 մլն ԱՄՆ դոլար՝ առանց տոկոսի: Բայց ընկերությունը 3.598.490 ԱՄՆ դոլար է ստացել քաղաքապետարանից: Այս հանցավոր համաձայնության արդյունքում Երևան համայնքից հափշտակվել է 771.463.243 ՀՀ դրամին համարժեք 1.598.490 ԱՄՆ դոլար:

«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը դատարանի 29.04.2020թ. որոշմամբ մերժվել է: Դատարանը կիրառել է գրավ՝ 70.000.000 ՀՀ դրամի չափով և ստորագրություն չհեռանալու մասին:

«Հին Երևանի»` խախտումներով շինարարություն իրականացնելու դեպքով քրգործ է հարուցվել

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք՝ «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն հիմնադրվել է 27.09.2012թ.-ին՝ Երևան քաղաքի ավտոկայանատեղերի կազմակերպման, փողոցներում տեսանկարահանող սարքավորումներ, ճանապարհային նշաններ ու գծանշումներով տեղադրելու նպատակով:

2016թ-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքապետին առաջարկել էր «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության կառավարումը հատկացնել Երևանի քաղաքապետարանին՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումն իրականացնելու համար:

2016թ-ի նոյեմբերին Երևանի քաղաքապետարանը որպես նվիրատվություն էր ընդունել «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասը՝ պայմանով, որ ձեռք բերելու պահին ընկերության ակտիվները պետք է հավասար կամ ավելի լինեն պարտավորություններից, ընդ որում` այդ փաստը պետք է հստակ ամրագրեր արտասահմանյան հեղինակավոր աուդիտորական կազմակերպությունը:

Ինչպես են կառուցվել նախկին պաշտոնյաների առանձնատները