Պայքար կորոնավիրուսի դեմ. ԱԻՆ–ը 3055 անգամ ախտահանում է իրականացրել

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են, որ բժշկական հաստատություններում, շուկաներում ու սուպերմարկետներում, ինչպես նաև բանկային ու վարկային կազմակերպություններում օրվա ընթացքում մի քանի անգամ է վարակազերծում արվում։ 
Sputnik

Ապրիլի 21-28-ը փրկարարները 3055 անգամ ախտահանում են իրականացրել. 487-ը՝ Երևանում, 2568-ը՝ մարզերում։ Տեղեկությունը հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հանրապետության ամբողջ տարածքում ԱԻՆ-ը շարունակում է բնականոն դարձած վարակազերծման գործընթացը, անհրաժեշտության դեպքում ներգրավվում են նաև ԱԻՆ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի մասնագետները։

Վարակազերծման հարցով ԱԻՆ-ին դիմած բոլոր համայնքներին աջակցություն է ցուցաբերվում։

«Բժշկական հաստատություններում, շուկաներում ու սուպերմարկետներում, բանկային ու վարկային կազմակերպություններում օրվա ընթացքում մի քանի անգամ է վարակազերծում արվում»,–նշվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` այսօր ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1932 դեպք, որոնցից 900-ն` արդեն առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1000 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 20 189 թեստավորում:

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Հայաստանում հայտարարված է արտակարգ դրության ռեժիմ, որն ուժի մեջ կլինի մինչև մայիսի 14–ը, ժամը 17։00։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 65-ով ու դարձել 1932