Նոր «հակառեկորդ». աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3 միլիոնը

Աշխարհում աստիճանաբար ավելի շատ մարդ է հայտնվում համավարակի «ճիրաններում»։ Միայն Միացյալ Նահանգներում արդեն վարակվել է ավելի քան 1 մլն մարդ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի –Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է արդեն ավելի քան 3 մլն մարդ։ Այս մասին են վկայում Worldometer համաշխարհային վիճակագրության կայքում հրապարակած տվյալները։

«Սա պատերազմ է». Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված հայ բժիշկը` համավարակի մասին

Աղբյուրի համաձայն` ապրիլի 28-ի առավոտյան տվյալներով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 3 064 894, համավարակի զոհ է դարձել` 211 609 մարդ։

Վտանգավոր վարակի տարածման ցուցանիշներով առաջին տեղում է Միացյալ Նահանգները։ Այստեղ COVID-19–ը ախտորոշվել է 1 010 507 մարդու մոտ։ Կորոնավիրուսից մահվան դեպքերը ԱՄՆ-ում 56 803-ն են։

Երկրորդ տեղում Իսպանիան է. եվրոպական այս երկրում կորոնավիրուս է ախտորոշվել 229 422 մարդու մոտ, մահվան ելքերը` 23 521–ն են։

Ինչ վերաբերում է Իտալիային, ապա այն զբաղեցնում է «հակավարկանիշի» երրորդ հորիզոնականը. վարակվածների թիվն այստեղ 199 414 է, մահացել են` 26 977-ը։

Վրաստանում ավելի կարգապա՞հ են, թե՞ թեստերն են քիչ. դեսպանը՝ կորոնավիրուսի դեպքերի մասին

Միևնույն ժամանակ, Չինաստանը, որտեղ գրանցվել էր COVID-19–ի առաջին դեպքը, վարակի տարածման ցուցանիշով զիջում է դիրքերը։ Վերջին տվյալների համաձայն` Չինաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել 82 836 մարդու մոտ։ Մահվան ելքերը` 4 633–ն են։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է. նոր տվյալներ