Լավ սովորողները շահեցին. ուսանողական վարձավճարների աջակցության ծրագիրը հաստատվեց

Լավ սովորողները կփոխհատուցվեն 100%-ով, վատ սովորողները՝ մասնակի: Նախարարը մանրամասն ներկայացրեց, թե որ ուսանողին ինչ աջակցություն կտրվի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Բարձր առաջադիմությամբ որևէ ուսանող ուսման վարձի պատճառով բուհից դուրս չի մնա: Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իսկ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մանրամասն ներկայացրեց, թե որ ուսանողների ուսման վարձն ինչ չափով կփոխհատուցվի կառավարության կողմից:

Ի՞նչ է լինելու արտերկրում սովորողների հետ. պարզաբանում են նախարարները

«90 և ավել տոկոս ՄՈԳ ունեցող ավարտական կուրսերում սովորողների համար որոշել ենք, որ 2019-2020 թթ. ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ուսման վարձը 100%-ով փոխհատուցվում է»,- ասաց նախարարը:

Ոչ ավարտական կուրսում սովորող բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների ուսման վարձը կառավարությունը կփոխհատուցի 70%-ով:

Եթե ուսման վարձն արդեն ամբողջությամբ կամ մասնակի վճարվել է ֆիզիկական անձանց կողմից, ապա այդ չափով այն վերադարձվում է վճարողին: Իսկ եթե վճարվել է իրավաբանական անձանց կողմից, այն կփոխանցվի բուհին:

Բարձր առաջադիմությամբ այն ուսանողների համար, որոնք ուսման վարձը կվճարեն ուսանողական վարկերով, կառավարությունը նախատեսում է վարկի մարման տոկոսադրույքների ամբողջական սուբսիդավորում՝ մինչև 2020թ-ի դեկտեմբերի 31-ը:

Իսկ մինչև 80% ՄՈԳ ունեցող ուսանողների վարկերի տոկոսադրույքները կսուբսիդավորվեն մասնակի: Ուսանողները ստիպված կլինեն դրանից 4%-ն ինքնուրույն վճարել:

Կառավարությունը թիրախային ճիշտ խումբ չի ընտրել. Ափոյանը` ուսանողներին առնչվող ծրագրի մասին

Կառավարությունն այսպիսով հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնչորսերորդ միջոցառումը, որն ուղղված է ՀՀ պետական ու մասնավոր բուհերի ուսանողներին:

Բարձր առաջադիմություն ունեցող որևէ ուսանող բուհից դուրս չի մնալու վճարի պատճառով. Փաշինյան