«Թույլ տվեք՝ մենք որոշենք». ՊԵԿ նախագահը խոսեց Միքայել Մինասյանի դեմ հարուցված քրգործից

Կառավարությունում կայացած ասուլիսի ժամանակ ՊԵԿ նախագահն անդրադարձավ նաև Միքայել Մինասյանի դեմ հարուցված քրգործին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի –Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն ինքն է որոշում՝ երբ է պետք որևէ ինֆորմացիա հրապարակել այս կամ այն քրգործով։ Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին մեղադրանք է առաջադրվել դեռ մարտի 23-ին, սակայն այդ մասին ինֆորմացիան հրապարակվել է միայն երեկ։

«Թույլ տվեք՝ մենք որոշենք, թե երբ է պետք որևէ տեղեկատվություն հրապարակել։ Մինասյանի քրգործի մասին տեղեկություն հրապարակվեց այն ժամանակ, երբ հարցում կատարվեց մեզ, և մենք ստիպված էինք պատասխանել դրան։ Այնուհետև մենք նաև հաղորդագրություն տարածեցինք, որպեսզի քրգործի մասին ինֆորմացիան լինի ընդգրկուն ու համապարփակ, ավելի քիչ հարցեր առաջացնի, քան մամուլում տարածված լուրերը»,–ասաց Անանյանը։

Նրա խոսքով` ընդհանրապես ՊԵԿ–ը ձեռնպահ է մնում քրգործերի մասին շատ տեղեկատվություններ հրապարակելուց։ ՊԵԿ նախագահը նշեց` մի շարք պարագաներում այդ ինֆորմացիայի հրապարակումը կարող է վտանգել քրեական գործի վարույթը և ընթացքը։

Միքայել Մինասյանին երեք հոդվածով մեղադրանք է առաջադրվել. մանրամասներ

ԱԺ փոխխոսնակը կոչ արեց չհավատալ Միքայել Մինասյանի հեռուստաալիքներին ու կայքերին

Հիշեցնենք, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով:

Sputnik Արմենիայի հետ զրույցում նրա պաշտպաններից Ամրամ Մակինյանը հայտնել էր, որ զավեշտ է եղածը, քանի որ տեխնիկական սխալն ապօրինի հարստացում է որակվել։

Մեղադրանքի անհիմն լինելու հետ կապված պաշտպանն իր տեսակետը ներկայացրել է ինչպես վարույթն իրականացնող մարմնին, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազությանը։

Հակակոռուպցիոն Հայաստան. հարվածի տակ նախկիննե՞րն են