«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի խոսքով` մարտի 16-ից սկսած իրենց կենտրոնի թեժ գծի հեռախոսահամարներին 803 զանգ է գրանցվել։ Զանգերն առնչվել են ինչպես կանանց նկատմամբ բռնություններին, այնպես էլ ՄԻԱՎ–ով վարակված անձանց իրավունքներին։ Ընդ որում` զանգերից 589–ը վերաբերել է վերջիններին, որոնց սոցիալական վիճակն ու խնդիրներն առկա իրավիճակում սրվել են։ Զարուհի Հովհաննիսյանը ցավով է արձանագրում, որ կանանց նկատմամբ բռնությունների ցուցանիշը նախորդ երկու ամիսների համեմատ ավելացել է 30 տոկոսով։
«Բռնությունների աճը պայմանավորված է թե՛ այն փաստով, որ ընտանիքները միմյանց հետ ավելի սերտ կապերով են ապրում, բոլորը տանն են հայտնվել, թե՛ այն իրողությամբ, որ սոցիալական խնդիրներն են սրվել` դառնալով հավելյալ խթան կանանց դեմ բռնությունների աճի համար։ Շատ հաճախ զանգահարում են մեր թեժ գծերին խորհրդատվություն ստանալու նպատակով, ինչպես իրավական և հոգեբանական, այնպես էլ սոցիալական աջակցության խնդրանքով։ Նախկին շահառուները նույնպես զանգահարում են թեժ գծերին։ Բռնություն վերապրած կանանցից շատերն աշխատում էին օրավարձով` չունենալով կայուն ֆինանսական միջոցներ, ինչն այս իրավիճակում բավական խոսցելի է դարձնում նրանց»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Հովհաննիսյանի փոխանցմամբ` իրենց կազմակերպությունն ահազանգեր ստանալու դեպքում անպայման կապ է հաստատում պատկան մարմինների հետ, ինչպես նաև իրավական խորհրդատվություն մատուցում։
Փաշինյանը նրանց հույսերը չի՞ արդարացրել, կամ ինչո՞ւ են աղմկում «սորոսականները»
Ըստ նրա` արտակարգ դրության պայմաններում, երբ կան խիստ սահմանափակումներ, ոմանք նախընտրում են չդիմել ոստիկանությանը, այլ նախընտրում են միայն ստանալ սոցիալական և խորհրդատվական աջակցություն։
«Կա նաև մարդկանց բացատրելու խնդիր, որովհետև շատերը կրթական մակարդակից ելնելով` ունակ չեն օգտվել տեխնիկական միջոցներից, տեղյակ չեն կառավարության կողմից իրականացվող սոցիալական կոնկրետ ծրագրերին։ Այսինքն` սոցիալական աջակցության խնդիրն այսօր ունի օրհասական նշանակություն։ ՀԿ–ներն իրենց միջոցները վերակազմակերպել են` դրանք ուղղելով անհետաձգելի, հրատապ խնդիրների լուծմանը»,– նշեց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգողը։
Իսկ ինչ վերաբերում է ՄԻԱՎ–ով վարակվածներին, ապա Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ այդ խմբի մարդիկ ամենախոցելին են, որովհետև կորոնավիրուսը ավելի վտանգավոր է հատկապես իմունային խնդիր և ուղեկցող հիվանդություններ ունեցող անձանց համար, հետևաբար նրանք ավելի խստորեն են պահպանում տեղաշարժի սահմանափակումները։ Այս խմբի մարդիկ զանգահարում են և խնդրում դեղորայք, սննդամթերք, սոցիալական աջակցություն։ Ըստ Հովհաննիսյանի՝ նրանք իսկապես գտնվում են շատ բարդ իրավիճակում, շատերն արտագնա աշխատանքի մեկնողներ են, որոնց ընտանիքներն այս պահին միջոցներից զրկվել են, և չկա աջակցության որևէ մեխանիզմ, բացի ՀԿ–ից, որը կարող է նրանց որոշ չափով աջակցել։