47 հիվանդ, 150 մեկուսացված. ի՞նչ իրավիճակ է Վարդենիսում․ մարզպետը մանրամասներ է պատմում

Վարդենիս քաղաքում կորոնավիրուսով վարակված 47 քաղաքացիներից 12- ը քաղաքի հիվանդանոցի աշխատակիցներ են, 9-ը՝ պոլիկլինիկայի: Գեղարքունիքի մարզպետի խոսքով՝ վարակի սկզբնաղբյուրն առայժմ չի հաջողվել պարզել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Facebook-ում տեսնյութ է հրապարակել, որում ներկայացրել է այսօր կեսգիշերից հետո փակված Վարդենիս քաղաքում տիրող իրավիճակը:

Սանոսյանը հայտնում է, որ Վարդենիսում ներկա պահին կա կորոնավիրուսով վարակված 47 քաղաքացի, նրանցից 12- ը քաղաքի հիվանդանոցի աշխատակիցներ են, այդ թվում՝ 1 բժիշկ: Եվս 9 դեպք գրանցվել է պոլիկլինիկայի աշխատակիցների շրջանում, որոնցից 2-ը բժիշկներ են:

Գեղարքունիքի մարզպետի խոսքով` Վարդենիսում առայժմ չի հաջողվել պարզել վարակի սկզբնաղբյուրը:

«Հավանաբար տեղյակ եք, որ առաջին դեպքը բժշկուհու մոտ է հայտնաբերվել, բայց խնդիր ունենք պարզելու, թե որտեղից է վարակվել բժշկուհին, ում հետ է շփում ունեցել»,- ասում է մարզպետը:

Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակված քաղաքացին բժշկուհի է. մանրամասներ

Սանոսյանը նաև տեղեկացնում է, որ Վարդենիսի պոլիկլինիկան չի աշխատում, աշխատակիցները քաղաքացիներին անհրաժեշտության դեպքում ցուցումներ են տալիս հեռախոսով: Իսկ հիվանդանոցը գործում է մասնակի, աշխատում է նաև Շտապօգնության ծառայությունը: Ծննդօգնության ծառայությունները վարդենիսցիներին մատուցվում են Մարտունու հիվանդանոցում:
Քաղաքի ևս 150 բնակիչներ մեկուսացված են Երևանի ու Ծաղկաձորի հյուրանոցներում:

Հիշեցնենք՝ 2020թ-ի ապրիլի 21-ին Վարդենիսը հայտարարվել է փակ կարանտինային գոտի: Քաղաքի մուտքերը վերահսկվում են հատուկ պահակակետերի կողմից: Որոշ բացառություններ են սահմանված Վարդենիսի տարածքում գործող ոսկու հանքավայրի, կաթի գործարանի, նյարդահոգեբուժական կենտրոնի աշխատակիցների ելումուտի համար:

Այլևս «պարծենալու» տեղ չունեն. կորոնավիրուսը հասավ նաև Գեղարքունիք