Կորոնավիրուսից մահացածը գործարար էր. նրան օրերս վիրահատել էին. մանրամասներ

Կորոնավիրուսից մահացած 62–ամյա տղամարդը սրտի վիրահատության էր ենթարկվել։ Վիրահատությունից հետո, սակայն, նրա երիկամներն էին դադարել գործել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Կորոնավիրուսից մահացած 62-ամյա քաղաքացին Շիրակի մարզի Ձորակապ համայնքի բնակիչ էր: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը։

«Հարազատների հետ խոսել եմ, ինքս էլ ճանաչում եմ նրան. ակտիվ և աշխույժ տղամարդ էր։ Հարազատներն ասում են, որ մինչ այս առողջական որևէ գանգատ չի ունեցել։ Որոշ ժամանակ առաջ նրա մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել: Նա բուժում էր ստանում Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում»,–ասաց համայնքի ղեկավարը։

Նրա խոսքով` վիրուսի հայտնաբերումից կարճ ժամանակ անց տղամարդու վիճակը ծանրացել է, նրան տեղափոխել են Երևան` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ։ Տղամարդու մոտ սրտի վիրահատության խնդիր է առաջացել և 7-10 օր առաջ նրան ստենդավորել են` փորձելով փրկել կյանքը։ Սակայն, ցավոք, տղամարդը մահացել է։ 

20 ապրիլի, Հայաստան. կորոնավիրուսն արդեն 1339 մարդու «դուռ է թակել»

Գևորգյանը հայտնեց նաև, որ մահացած տղամարդը գործարար էր, համայնքում ուներ ավտոպահեստամասերի և գյուղատնտեսական ապրանքների վաճառակետեր։ 

Մարալիկի առողջապահական կենտրոնի տնօրեն Անուշիկ Հովսեփյանն էլ հայտնեց, որ մահացած տղամարդն այցելել է իրենց ԲԿ, դեղորայք ստանալու համար դեղատոմս ձեռք բերել։

«Նա ինձ մոտ էլ է մտել, որ կնքեմ դեղատոմսը։ Նրան տեղափոխել էին Երևան, որտեղ նաև սիրտը վիրահատեցին, հետո երիկամները սկսեց չգործել, ինչի հետևանքով էլ կորցրինք մեր հիվանդին»,–ասաց Հովսեփյանը։ 

Հայտնել էինք, որ վերջին 1 օրվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսից մահվան 2 դեպք էր գրանցվել: Մյուս մահացածը 90–ամյա մի պապիկ էր։ 

Նշենք, որ պարետ, ՀՀ փոխվարչապետ Տիրգան Ավինյանի նոր որոշմամբ` Շիրակի մարզի երկու բնակավայրերում` Մարալիկում և Ձորակապում, ապրիլի 19–ից 7 օր շարունակ խիստ սահմանափակումներ կգործեն։ Երեկվա դրությամբ` Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակված 38 մարդ կար, այդ թվում` Մարալիկի հիվանդանոցի աշխատակիցները։ 

Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1339–ի է հասել։

Կորոնավիրուսից մահացածները 90 և 62 տարեկան են. Առողջապահության նախարարություն