ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիորղ քննիչ հանձնաժողովի նիստում պատրաստվում է ուղիղ նայելով հանձնաժողովականների աչքերին` ասել այն, ինչ գիտի ու նաև այն, ինչ մտածում է։ Նա քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելուց առաջ հայտարարությամբ է հանդես եկել։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս պահին ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիորղ քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցում է նաև Սերժ Սարգսյանը։
«Ապրիլյան պատերազմի հարցը ոչ մի դեպքում չպետք է պառակտի մեր ժողովրդին, թուլացնի մեր միասնությունը և վտանգի մեր պաշտպանունակությունը: Ես, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ ապրիլյան քառօրյայում մեր զինվորներն ու հրամանատարները խիզախությամբ գերազանցեցին արցախյան ազատամարտին մասնակցած իրենց հերոս հայրերին ու պապերին»,–ասել է Սարգսյանը։
Նրա խոսքով` Ապրիլյանի քառօրյայի ժամանակ հայկական ԶՈՒ–ն, համաձայն տեղական ու արտերկրի որոշ գործընկերների հետախուզական տվյալների, հակառակորդին հասցրեց ավելի կորուստներ, քան մենք ենք ունեցել:
Սարգսյանն ասում է, որ խոր ցավով սգում է մեր նահատակված տղաների մահը և ափսոսանքով փաստում, որ այս ու ցանկացած այլ պատերազմում անհնարին է փրկել բոլորին. հողը արյունով են պահում: Նա նշում է, որ հանուն հայրենիքի նահատակված զինվորների հարազատները մեծագույն հպարտություն պետք է ապրեն իրենց որդիների համար և ոչ մի դեպքում չտրվեն սադրանքների: Ոչ ոք, ըստ Սարգսյանի, իրավունք չունի կեղտոտ կասկածներով պղտորել նրանց մտքերն ու ավելորդ անգամ ցավեցնել նրանց հոգիները, քանի որ առաջին հերթին այդպիսիներին չեն ների գիտակցված մահն ընտրած և անմահացած մեր տղաները:
Սերժ Սարգսյանի խափանման միջոցը վերացնելու բողոքը մերժվել է
«Հայոց բանակի զինվորները հերթական անգամ դաս տվեցին հակառակորդին` պատճառելով ծանր կորուստներ և առժամանակ զսպելով Ադրբեջանի ռազմատենչ ձգտումները: Սակայն գալու է մի օր, երբ Բաքուն նորից նույնն է փորձելու անել, և երբ նրանք գնան այդ քայլին` կրկին անհնարին է լինելու փրկել բոլորին: Պատճառն այն չէ, որ մեր բանակը վատ է կառավարվել: Եթե ցանկանում ենք ոչ մի կորուստ չունենալ, ապա պետք է հրաժարվենք մեր իսկ հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու ազգային նպատակից»,–ասել է երրորդ նախագահը:
Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների փուլին` Սարգսյանը նշել է, թե պատերազմից հետո դիվանագիտական ճակատում հակառակորդի հետ բանակցությունները պետք է բերեն խաղաղության և ապահովեն այդ համաձայնության իրագործումը։ Սակայն ոչ ի հաշիվ ժողովրդի կենսական շահերի: Նրա խոսքով` սա սոցիալական ցանցերի համար նախատեսված «լայվ-շոու» չէ, սա միջազգային ռեալ-քաղաքականություն է` նաև հետնաբեմում ընթացող գործողություններով:
Երրորդ նախագահը շեշտում է, որ մենք համազգային նշանակության հարցերում և առաջին հերթին` Արցախի հարցում պառակտվելու իրավունք չունենք: Դա չափազանց թանկ կարող է արժենալ մեր պետականության և ժողովրդի համար: Նա հորդորում է զգոն լինել և ցանկացած նման փորձ դիտարկել հենց այս տեսանկյունից:
Ի դեպ, Սարգսյանն ասում է նաև, որ ինքն էլ հարցեր ունի պատերազմի բոլոր կանոնների համաձայն՝ բանակի հաղթանակի վերաբերյալ որոշ ուժերի կողմից հասարակության մեջ մութ կասկածներ սերմանելու, զանազան շահարկումների, ապրիլյան պատերազմի խնդրով խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակի և մի շարք այլ թեմաներով: Այս ամենի առնչությամբ, ըստ նրա, դեռ եզրակացություններ կանի:
Սերժ Սարգսյանն անակնկալի է բերել քննիչ հանձնաժողովին. «Ժողովուրդ»
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը համաձայնել է մասնակցել նիստին մեկ պայմանով` ողջ ընթացքը պետք է տեսաձայնագրվի, և մեկ օրինակ տրամադրվի իրեն։
Քննիչ հանձնաժողովը պատասխանել էր Սերժ Սարգսյանին, սակայն երրորդ նախագահի գրասենյակը հայտարարել էր, որ իրենց համար այդպես էլ պարզ չէ` տրամադրելո՞ւ են տեսագրություն, թե ոչ։ Դրանից հետո քննիչ հանձնաժողովը համաձայնել էր բավարարել Սարգսյանի պահանջը, որից հետո երրորդ նախագահի գրասենյակը հայտարարությամբն հանդես եկավ` ասելով, որ Սարգսյանը կմասնակցի նիստին։