ԵԱՏՄ երկրներում արտարժույթի փոխանակման հարկ պե՞տք է, թե՞ ոչ. փորձագետների կարծիքներ

Որո՞նք են ԵԱՏՄ տարածքում տարադրամի փոխանակման հարկի առավելություններն ու թերությունները. փորձագետները մանրամասն ներկայացրել են բոլոր «կողմ» և «դեմ» փաստարկները ՝ վիճահարույց որոշման ընդունման դեպքում։
Sputnik

Մարիա Նաումենկո, Sputnik.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևն առաջարկել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում արտարժույթի փոխանակման ոչ առևտրային գործարքների համար 0.01% հարկ սահմանել:

Իրավիճակը վերահսկվում է, բայց անհանգստացնող երևույթներ կան․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ հանդիպմանը

Ոչ առևտրային գործարքներ են համարվում ցանկացած փոխանցումները, այդ թվում՝ առևտրային և անձնական հաշիվների համալրումը, գումարների դուրսբերումը, վարկային գործարքները։

Գլազևը պնդում է, որ այդպիսի հարկը կսահմանափակի կապիտալի արտահոսքը արտասահման, իսկ միության բյուջեն կստանա տարեկան 30 մլրդ ռուբլի եկամուտ:

ԵԱՏՀ նախարարը նաև առաջարկում է արժույթի գնման հայտի և մատակարարման միջև ժամանակային ընդմիջում սահմանել և ընդհանուր բորսային տարածք ձևավորել:

Որո՞նք են ԵԱՏՄ տարածքում նման հարկի առավելությունները, և ինչո՞ւ այն կարող է բարդացնել վարկերի ստացումն ու ներդրումների մուտքը. Sputnik-ը մեկտեղել է փորձագետների կարծիքները։

Ներդրումներն ու վարկերը դասվում են սպեկուլյացիաների շարքը

Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ, տնտեսական գիտությունների թեկնածու Միխայիլ Բելյաևն ասում է` արտարժույթի փոխանակման ոչ առևտրային գործարքները նման են բանկի դրամարկղում տարադրամի փոխանակմանը, միայն թե դրանք կատարվում են ավելի մեծ ծավալներով և փաստաթղթերի այլ փաթեթով:

«Ենթադրենք՝ մենք պետք է վճարենք մեկ միլիոն դոլարանոց գործարքի համար։ Մենք արտարժութային շուկա ենք դուրս գալիս հատուկ հայտով, գործարքի իսկությունը հաստատող փաստաթղթերի որոշակի փաթեթով, որը ցույց է տալիս, որ մեզ իսկապես անհրաժեշտ է արտարժույթը։ Բորսայում վաճառում ենք ռուբլին և դոլար ենք գնում»,-բացատրում է տնտեսագետը սպեկուլյատիվ սխեման։ Այնուհետև ձեռք բերված արտարժույթը դրվում է, օրինակ, կողմնակի բանկում, իսկ գործարքն ինչ-ինչ պատճառներով չի կայանում։ Հենց այսպիսի գործարքների համար է ինտեգրման և մակրոտնտեսության նախարարն առաջարկում հարկ սահմանել։

Սակայն, Բելյաևի կարծիքով, ոչ առևտրային արժութափոխանակման գործարքների հարկի ներդրումը կխաթարի ներդրումային և վարկային արտաքին տնտեսական գործունեությունը:

«Ոչ առևտրային բնույթի արտաքին տնտեսական կապերը ենթադրում են թե՛ վարկային գործարքներ, թե՛ փոխառություններ, թե՛ ներդրումային գործարքներ։ Եվ համաձայն Գլազևի զեկույցի` դրանք կդասվեն սպեկուլյացիաների շարքը և կհարկվեն։ Այստեղ շահը շատ տեսական է, մշուշոտ։ Եվ միանշանակ է, որ այդպիսի հարկը կխաթարի ԵԱՏՄ երկրների միջև ինտեգրացիոն գործընթացները»,-ասում է տնտեսագետը։

«Օրինակ` դուք ցանկանում եք Ղրղզստանում ֆաբրիկա արդիականացնել և ներդրումներ եք կատարում այդ ձեռնարկության մեջ։ Փաստորեն, դուք առևտրային գործարք չունեք, գումարը ձեզ պետք է արտադրությունն արդիականացնելու համար։ Եվ դա նույնպես կհարկվի»,-ավելացնում է ՌԶՀԻ փորձագետը։

Եվրասիական վերլուծական ակումբի ղեկավար Նիկիտա Մենդկովիչի կարծիքով` գլխավոր խնդիրը ոչ թե արժույթի փոխանակման հարկի ճիշտ կամ սխալ միջոց լինելն է, այլ երկրների միջև հարկային քաղաքականության համաժամանակեցումը:

«Մերձավոր արտերկրի մի շարք պետություններ ցավագին կերպով են վերաբերվում ինքնիշխանության ֆորմալ բաղադրիչներին, ինչը խանգարում է համատեղ տնտեսական քաղաքականության իրականացմանը։ Հարկային քաղաքականության սինխրոնացումը, միասնական հարկային դրույքաչափերի ստեղծումը լավ լուծում կլիներ, այդ թվում ՝ ԵԱՏՄ տարածքում կապիտալի շարժի ազատության ապահովման տեսանկյունից»,- ասում է վերլուծաբանը։

Կապիտալի արտահոսքը ԵԱՏՄ երկրներից կվերահսկվի

«Արտարժութային սպեկուլյացիաների հարկը երկու նպատակ ունի,-բացատրում է ԱՊՀ երկրների ինստիտուտի էկոնոմիկայի բաժնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Ազա Միհրանյանը,- առաջին հերթին՝ կայունացնել արժութային շուկան, կանխել դրա տատանումը, այսինքն՝ բարձրացման և իջեցման խաղերը։ Երկրորդը՝ կարգավորել կապիտալի արտահոսքը»։

ԵԱՏՄ–ն ընդդեմ կորոնավիրուսի. «բարության վարակ» է պետք

Նրա կարծիքով՝ Գլազևի նախաձեռնությունը կապված է Եվրասիական տնտեսական միության երկրների շուկաներում գործարքները կարգավորելու ցանկության հետ` հաշվի առնելով ռուսական ռուբլու փոփոխականությունը։

«Գործնականում բոլոր տնտեսությունները կապված են ռուսական ռուբլու հետ, և ռուբլու տատանումը ԵԱՏՄ երկրներում համապատասխան գործընթացներ է առաջացնում»,-ասում է Միհրանյանը։

Սպեկուլյանտները արժույթի ավելի մեծ տատանումներ են խթանում՝ կենտրոնական և տնտեսականորեն հիմնավորված փոխարժեքի համեմատ։ Ըստ Բելյաևի` այդ տատանումները վնաս են հասցնում տնտեսությանն ու երկրների փոխադարձ առևտրին։

«Արտարժույթի տատանումների մեջ իսկապես մեղավոր են սպեկուլյանտները, քանի որ նրանք հաճախ համաձայնեցված գործողություններ են կատարում, ընդ որում` պարտադիր չէ, որ նրանք ինչ-որ տեղ պայմանավորվեն։ Շուկայում (իսկ մեզ մոտ շուկան բավականին զգայուն է) սպեկուլյանտներն այնքան լավ են զգում միմյանց, որ անգամ չհամաձայնեցնելով` նրանց մոտ համակարգված գործողություններ են ստացվում։ Դա տարադրամի փոխարժեքի մեծ տատանումների է բերում․ այն «թռչկոտում» է մեկ վերև, մեկ ներքև»,-բացատրում է Sputnik-ի զրուցակիցը։

Միհրանյանն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ ճգնաժամի ընթացքում պետության կողմից ավելի խիստ կարգավորման միջոցների հաստատումը կիրառվում է ամբողջ աշխարհում։

«Այսօր հարցը դրվում է ոչ թե ազդեցության մասշտաբների և հետևանքների, այլ, ամենայն հավանականությամբ, կայունացման մասին, այնպես որ տվյալ հարկը գնահատել և դիտարկել իբրև լրացուցիչ եկամտի աղբյուր, ըստ երևույթին, խելամիտ չէ։ Այս դեպքում նման հարկն ավելի արդյունավետ կլինի կարգավորիչի տեսանկյունից»,-կարծում է ԱՊՀ երկրների ինստիտուտի էկոնոմիկայի բաժնի ղեկավարը։

Ժամանակը փող է

Բացի այդ, Գլազևն իր զեկույցում առաջարկում է ժամանակային ընդմիջում սահմանել արտարժույթի գնման հայտի և դրա մատակարարման միջև, ինչը հարված կհասցնի առևտրային գործարքներին, վստահ է Բելյաևը։

Միսը, կարագը, բրինձը, ձեթը կարող են էժանանալ. ԵԱՏՄ-ում գտել են գնաճը զսպելու ուղին

«Երբ դուք առևտրի մեջ եք, դուք չեք կարող միանգամից իմանալ, թե ձեզ երբ պետք կլինի արտարժույթը, ինչ ծավալով և այլն։ Դուք հիմնվում եք իրական փոխարժեքի վրա, որը ձեզ ձեռնտու է, ենթադրենք, այս պահին, և գնում եք արտարժույթը։ Իսկ երբ ժամանակային ընդմիջում է մտնում, ապա այնտեղ արտարժութային ռիսկ է հայտնվում (արտարժույթների փոխարժեքների անբարենպաստ փոփոխության հետևանքով կորուստների ռիսկը – խմբ․)»,-ասում է Sputnik-ի զրուցակիցը։

Տնտեսագետը նշում է, որ այդ դեպքում կարելի է պայմանագրում ներառել արժութային վերապահում ՝ արտաքին առևտրային պայմանագրի պայման, որը պաշտպանում է արժութային ռիսկերից ։ Բայց դա «ավելորդ բեռ» կդառնա և գործարքի թանկացում կառաջացնի։

«30 մլրդ ռուբլին (ԵԱՏՄ բյուջե հասույթի գումարը հարկից – խմբ.) այժմ բավականին համեստ է թվում, քանի որ մնացած բոլոր կետերով մենք շատ ավելի շատ կկորցնենք»,-եզրակացնում է Բելյաևը։

ԵԱՏՄ-ում միասնական բորսայի ստեղծման բոլոր պայմանները կան

Բազմազան կայունացնող տնտեսական միջոցառումների շարքում ԵԱՏՀ զեկույցում առաջարկվում է նաև ընդհանուր բորսայական տարածք ձևավորել՝ ազգային արժույթներով գնագոյացմամբ և առևտրով։ Նիկիտա Մենդկովիչի խոսքով՝ նոր բորսայի ստեղծումը կախված է հենց երկրներից, քանի որ դրա բացման համար Միության անդամ երկրներն անգամ ստիպված չեն լինի «սկզբունքորեն նոր» օրենքներ ընդունել։

ԵԱՏՄ տարածքում բեռնափոխադրումների նոր կարգեր են գործելու․ փոխնախարար

«Կապիտալների շարժի ազատությունը ԵԱՏՄ ստեղծման մասին համաձայնագրի հիմքում ընկած ազատություններից մեկն է և այս պահին էլ իրականացվում է։ Եվրասիական մակարդակում նոր միասնական բորսային հարթակի ստեղծումը, որը նման կլինի ՄՄԱԲ–ին (Մոսկվայի միջբանկային արժութային բորսա - խմբ.), հարց է շուկայի մասնակիցներին: Ես չեմ կարծում, որ այստեղ սկզբունքորեն նոր նորմատիվ բազա է պահանջվում»,- ասում է Մենդկովիչը։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ տարածքում ազգային արժույթներով առևտրին, ապա, այս ուղղությունը վերլուծաբանի կարծիքով, բավականին հաջող է իրականացվում։

Աստիճանաբար աճում է ռուբլով առևտրի մասնաբաժինը և նվազում է դոլարի օգտագործումը։ Ամենայն հավանականությամբ՝ վերջին բանը, որ այստեղ պետք է անել՝ երկրների միջև միջբանկային գործարքների, ինչպես նաև գումարային փոխանցումների դեպքում դոլարային փոխանցումներից հրաժարվելն է, կարծում է Մենդկովիչը։