Մարդկությանը բաժին ընկած խոշոր համաճարակներն ու դրանց հետ կապված մութ պատմությունները

Համաճարակները գրեթե դարը մեկ վրա են տվել մարդկությանը։ Մենք հետաքրքրվել ենք՝ անցյալում ինչ համաճարակներ է ապրել հայ ժողովուրդն ու ինչպես է դրանց դեմ պայքարել։
Sputnik

Կորոնավիրուսի համավարակի պատճառով ամբողջ Հայաստանը փակ է, մարդիկ ամբողջ օրը տանը մեկուսացված նստած սպասում են՝ «երբ է ավարտվելու այս մղձավանջը»։ Մեկուսացումը «մղձավանջ» անվանողները հիմնականում անկախության սերնդի ներկայացուցիչներն են, որոնք ծնվել են 90-ականներին ու 2000-ականներին։ Զարմանալի չէ, քանի որ երիտասարդներն ի տարբերություն իրենց ծնողների ու տատուպապերի, չեն տեսել պատերազմներ, երկրաշարժներ, լուրջ աղետներ։ Դրա համար էլ կորոնավիրուսի պատճառով հայտարարված կարանտինը նրանք կարող են որպես լուրջ ողբերգություն դիտարկել։ Տարիքով ավելի մեծ մարդիկ փիլիսոփայորեն են վերաբերվում այս ամենին, բայց չի կարելի ասել, որ սա նրանց համար նորություն չէ։

Այնպիսի ասացվածք կա՝ ամենաքիչը վախենում ես այն մահից, որն արդեն ապրել ես։ Այնպես որ, Sputnik Արմենիայի խմբագրությունը որոշել է հանգստացնել և՛ անհանգիստ երիտասարդներին, և՛ այս ամենից հոգնած մեծահասակներին՝ վերհիշելով, թե ինչպիսի համաճարակներ է ապրել հայ ժողովուրդը։ Այս հարցում մեզ օգնել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը։

Արշակավանի համաճարակը․ Աստվա՞ծ է պատժել, թե՞ նախարարները

350 թվականին հայ արքա Արշակ երկրորդը որոշել է հատուկ քաղաք կառուցել ու այն կոչել իր անունով։

Արշակավանը մի քանի տարի որպես Մեծ Հայքի մայրաքաղաք էին կառուցում։ Քաղաքը հիմնվել էր Արարատ լեռան հարավային լանջին՝ Փոքր Ասիայից Իրան գնացող առևտրային ճանապարհների հատման վայրում։ Այնպես որ, Արշակավանը կառուցվել էր ժամանակակից զբոսաշրջության տրամաբանությամբ․ այնտեղ կային գինետներ ու հյուրանոցներ, որտեղ առևտրականները կարող էին հանգստանալ՝ միաժամանակ հարստացնելով քաղաքը։

Ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսի համավարակից հետո

Արշակավանը բնակեցնելու համար արքան հրաման էր արձակել, որի համաձայն՝ Արշակավան տեղափոխվող մարդիկ ազատվում էին նախարարներին հարկ վճարելուց, նրանց հանցանքները ներում էին, արտոնություններ էին տրվում։

Մոտակա կալվածքների գյուղացիները սկսեցին զանգվածային կերպով Արշակավան տեղափոխվել։ Արքայի որոշումը զայրացրել էր թե՛ նախարարներին, թե՛ եկեղեցուն։

Փավստոս Բուզանդը եկեղեցու պատվերով գրված «Պատմություն Հայոց» աշխատությունում հիշատակում է, որ Արշակավանի հիմնումից մի քանի տարի անց մի սարսափելի համաճարակ հասավ քաղաքի վրա։ Բուզանդը պնդում է, որ կաթողիկոս Ներսես Ա Մեծն անիծել էր Արշակ արքային ու նրա «անբարո» քաղաքը, ու Աստված լսելով կաթողիկոսի անեծքը, պատժել էր քաղաքը սարսափելի հիվանդությամբ։

Բուզանդը գրում է, որ շուտով մարդիկ սկսեցին դաժան մահով մեռնել, ու մարդաշատ քաղաքը դատարկվեց։

Իրականում համաճարակը հաշված օրերի ընթացքում գրեթե բնաջնջել է քաղաքի բնակչությանը՝ մոտ 30-40 հազար մարդու։ Թեև պատմությունը լռում է, թե ինչ հիվանդության պատճառով են մարդիկ մահացել, մանրամասներ չի ներկայացնում նաև ինքը՝ Բուզանդը։

Ի դեպ, ժամանակակից պատմաբանները կասկածամտորեն են վերաբերվում «Արշակավանի համաճարակի» վարկածին։ Պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը կարծում է, որ Փավստոս Բուզանդը, լինելով եկեղեցական պատմաբան, բազմիցս աղավաղել է փաստերը հօգուտ եկեղեցու ու դրա դոգմաների։

«Հիմքեր ունենք ենթադրելու, որ արշակավանցիները մահացել են ոչ թե համաճարակից, այլ թույնից։ Կամ նախարարները անցանկալի մարդկանցից ազատվելու այլ տարբերակ են գտել, իսկ հետո տասնյակ հազարավոր մարդկանց սպանությունը քողարկելու համար եկեղեցականների հետ հորինել համաճարակի վարկածը», - ասում է Ներսիսյանը։

Ի դեպ, մեր զրուցակիցը կասկածամտորեն է վերաբերվում նաև կորոնավիրուսի համաճարակին, ու այն ավելի շուտ ինչ-որ մեկի քաղաքական խաղն է համարում։

Արշակավանը հիմնովին քանդվել է։ Հիմա հին հայկական քաղաքի տեղում թուրքական Դոգուբայազետ քաղաքն է։

Աղավնիները՝ համաճարակի պատճա՞ռ

Հնարավոր է՝ Հայաստանը ևս մեկ համաճարակ է ապրել IV դարում։ 368 թվականին պարսից արքա Շապուհ II-ը հարձակվեց Հայաստանի վրա։ Փառանձեմ թագուհին որդու՝ արքայորդի Պապի ու հսկայական զորքի հետ թաքնվեց Արտագերս բերդում։

Ի՞նչ արդյունք կտա Շվեդիայի համաճարակային էքսպերիմենտը

Պարսիկները շրջապատել էին ամրոցը, սակայն այն չէր հանձնվում, Պապ արքայորդուն հաջողվել էր փախչել Հռոմ՝ Վաղես II կայսեր մոտ։ Արտագերսի պաշարումն, այնուամենայնիվ, շարունակվում էր։ Մեկ տարի անց պարսիկներին հաջողվեց բերդ ներխուժել, բայց նրանց սարսափելի տեսարան էր սպասում․ ամբողջ քաղաքը լի էր անհասկանալի հիվանդությունից մահացած մարդկանց դիերով։ Ողջ էին մնացել միայն թագուհին ու նրա երկու ծառաները։

Վարկածներից մեկի համաձայն՝ մարդիկ սովից սկսել էին աղավնիներ որսալ ու դրանցից ինչ-որ հիվանդությամբ էին վարակվել։

Արտագերս բերդի անկումը գրավել է գրողների ուշադրությունը։ Դրան անդրադարձ է արվել Ստեփան Զորյանի «Հայոց բերդը», Րաֆֆու «Սամվել», Հրանտ Արմենի «Փառանձեմ թագուհի» պատմավեպերում։

Համաճարակ, որի զոհը դարձավ Հայաստանի առաջին պաշտպանության նախարարը

Հայաստանի 1-ին Հանրապետության (1918-1920) բնակչության մեկ երրորդը Օսմանյան կայսրությունից եկած փախստականներն էին։ Երկիրը ծայրահեղ ծանր կացության մեջ էր. գյուղերը դատարկվել էին, գյուղատնտեսական աշխատանքներն ամբողջովին դադարեցվել։ Սովի ու հակահիգիենիկ պայմանների պատճառով Հայաստանում արագորեն սկսեցին տարածվել տարբեր ինֆեկցիոն հիվանդությունները, առաջին հերթին՝ բծավոր տիֆը։

Zoom-ի հիմնադիրը կորոնավիրուսի համավարակի շրջանում միլիարդներ է վաստակել

Երևանում բծավոր տիֆի ու սովի հետևանքով հարյուրավոր մարդիկ էին մահանում։ Երկրում կատարյալ քաոս ու անտերություն էր։ Տիֆից մահացավ հայ մեծագույն քաղաքական գործիչ, ներքին գործերի առաջին նախարար ու պաշտպանության առաջին նախարար Արամ Մանուկյանը։ Նա մահացել է իր տանը, որի փողոցն այժմ իր անունով է կոչվում (Արամի)։

Նրա գործընկեր, վարչապետ Սիմոն Վրացյանն իր օրագրում գրել է.

«Հայաստանը բոլոր կողմերից շրջապատված է թշնամիներով, երկրում սով, համաճարակ ու հիվանդություններ են տիրում, թույլերը մահանում են, ուժեղները թուլանում են, որ մահանան: Եթե այսպես շարունակվի, վեց ամսից Հայաստանի ժողովրդի մեծ մասն այլևս չի լինի»։

Գագաթնակետը 1919 թվականին էր, հետո համաճարակը հետզհետե նահանջեց։

«Այն ժամանակ Ամերիկան շատ օգնեց Հայաստանին։ Նահանգներից ոչ միայն հումանիտար օգնություն էին ուղարկում, այլև դեղեր, որոնք հետագայում փրկեցին երկիրը, թե չէ տիֆը կսպաներ ամբողջ ժողովրդին», - ասում է պատմաբան Ներսիսյանը։

Կորոնավիրուսը համաշխարհային համավարակի վերածվելու հեռանկար ունի. ԱՀԿ

Մինչ 1919 ամառը 192 հազար մարդ էր մահացել բծավոր տիֆից։

Իր աշխարհագրական դիրքի շնորհիվ է, որ Հայաստանը փրկվել է XIV թվականի սարսափելի ժանտախտից ու XX դարի իսպանական գրիպից։

Սակայն երկու համաշխարհային համաճարակն էլ, ամեն դեպքում, հասել են Հայաստան։ Առաջինը Հուստինիանոս կայսեր գահակալության ժամանակ (VI դար) Բյուզանդիայի ժանտախտն էր, որն ամբողջ աշխարհում խլել է 100 միլիոն մարդու կյանք։ Թե դրանցից քանիսն են եղել Հայաստանում, անհայտ է։

Հայաստանում, ինչպես ողջ աշխարհում, միջին դարերում տարածված էր ծաղիկը՝ մաշկի վրա հայտնվող ցանով վարակը։ IV դարից Հայաստանում եկեղեցիներին կից ծաղիկով վարակվածների ապաստարաններ կային, եկեղեցականներն այդ մարդկանց «բորոտ» էին անվանում։ Չնայած բազմաթիվ աղոթքներին՝ հիվանդությունը հաջողվեց հաղթահարել միայն XVIII դարում՝ պատվաստանյութի շնորհիվ։

«Անգամ համավարակի ժամանակ մեզ ոչ ոք ուշադրություն չի դարձնում». անտունները և կորոնավիրուսը