Իսկական «սարսափներ» թույլ սեռի համար, կամ ինչ է սովորեցնում կանանց մոսկվացի հայուհին

Յանա Շատվորյանն իր հեքիաթներում շատ հետաքրքիր ձևով է պատմում կանացի գեղեցկության կարծրատիպերի մասին։ Երբ ընկնում ես YouTube-ի նրա ալիք, շատ դժվար է դիմադրել ու նրա «horror stories»-ները մի շնչով չնայել։
Sputnik

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Չափազանց փոքր կամ կախված կուրծք, հիալուրոնաթթու, սիլիկոն, կնատյացություն․․․ Մոսկվացի հայուհի Յանինա Շատվորյանի հեքիաթներում այս ամենը ոչ միայն մարմնի մասեր, նյութեր կամ երևույթներ են, այլ իսկական գրական հերոսներ, որոնք բանականություն ու հուզականություն ունեն։

 ««Сказочки-Мицеллярочки» նախագիծը հորինեցի, որ կանանց վախերը վերածեմ զվարճալի դևերի ու անհեթեթ հրեշների ու ցույց տամ՝ ինչպես կարող են հասարակության մեջ ընդունված գեղեցկության նորմերն աննկատ կերպով ազդել մեր զգացողությունների ու ինքներս մեզ ճանաչելու գործընթացի վրա»,- մեզ հետ զրույցում ասաց աղջիկը։

Իսկական «սարսափներ» թույլ սեռի համար, կամ ինչ է սովորեցնում կանանց մոսկվացի հայուհին

Նա ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, սակայն հետո սրտի կանչով ընդունվել է ՄՊՀ ու հեռուստալրագրություն սովորել։ Մի քանի տարի հեռուստատեսությունում որպես պրոդյուսեր է աշխատել, հետո՝ թղթակից: «Միշտ հետաքրքիր էր մարդկանց հետ զրուցել»,-ասում է։

Ինչպես են հայուհիները հաղթահարում երեխաների «ավազակախմբի» ու ամուսնու հետ մեկուսացումը

Ինչ-որ պահի Յանան սկսել է նկատել, որ գնալով ավելի շատ է տարվում կանանց հուզող թեմաներով։ Իսկ երբ հայտնաբերել է Նաոմի Վուլֆի «Միֆեր գեղեցության մասին» գիրքը, սկսել է ավելի շատ խորանալ գեղեցկության ու վարքի կարծրատիպերին վերաբերող հարցերի մեջ։ Խոսքն այն կարծրատիպերի մասին է, որոնք «պարտավոր» են պահպանել թույլ սեռի ներկայացուցիչները։

«Ինձ թվում է՝ Նաոմի Վուլֆի ամբողջ գիրքը մատիտով ընդգծել եմ։ Մինչ այդ գիրքը կարդալը չէի մտածում գեղեցկության ստանդարտների մասին, որոնք կանանց պարտադրում է մեդիան, չէի խորանում՝ որտեղից ու ինչի համար են դրանք առաջացել»,-խոստովանում է մեր զրուցակիցը։

«Ոչ, չեմ զղջում». ինչպես համշենահայը դարձավ դիզայներ ու հիմա ուզում է աշխատել Լոպեսի հետ

Ինչ-որ ժամանակ աղջիկը կինոյի մասին ռադիոծրագրի հաղորդավար է եղել ու մեծ քանակությամբ ֆիլմեր է դիտել, այդ թվում՝ սարսափ։ Հենց սարսափ ֆիլմերն են նրա մոտ հետաքրքիր մտահղացումներ առաջացրել։

«Զվարճալի է. մենք հորինված սյուժեներով սարսափ ֆիլմեր ենք դիտում հրեշների, սատանայի, անիծված տների մասին այն դեպքում, երբ մեր շուրջն այնքան իրական վախեր կան, որոնք պակաս սարսափելի չեն․ ծերություն, մենություն, սեփական եսը չընդունել։ Մտքումս ծնվեց մի հրեշի կերպար, որը կանանց հետևից ընկած պահանջում է, որ շուտ ծննդաբերեն, արքայադստեր չար ոգին, որը պահանջում է աղջիկներից «լավ աղջիկ» լինել և այլն», - ասում է նա։

Հենց այսպես էլ առաջացել է «Հեքիաթների» մտահղացումը։ Հեղինակը նշում է, որ գաղափարն առաջացել է որպես երևակայությանն ազատություն տալու ցանկություն ու որպես հույս, որ այն կօգնի այլ կերպ նայել սեփական վախերին։ Խոստովանում է՝ անչափ ուրախ կլինի, եթե իր մոտ դա ստացվի։

Ի՞նչ են մտածում օտարերկրացի կանայք հայուհիների մասին

Պատասխանելով Հայաստանում գենդերային անհավասարության մասին հարցին՝ Յանան նշեց, որ վախերը, որոնց մասին պատմում է «Հեքիաթներում», բավականին ունիվերսալ են։ Նա վստահ է, որ «ժամանակը գնում է, ե՞րբ ես երեխա ունենալու», «աղջիկն իրեն այդպես չի պահի» արտահայտությունները բազմիցս լսել են ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում ապրող աղջիկները։

Ի դեպ, Յանան ծնվել է Երևանում։ Հինգ տարեկան է եղել, երբ ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել։ Փորձում է ամեն տարի պատմական հայրենիք գալ։

«Հայաստանն անկասկած իր յուրահատկություններն ունի։ Ինձ հայկական իրականության գիտակ չեմ համարում, բայց կուզենայի այդ մասին ավելի շատ իմանալ»,- ասում է աղջիկն ու ավելացնում, որ կուզենար հայ կանանց ու աղջիկների համար հատուկ թողարկում կամ առանձին նախագիծ անել։

Սակայն նա ենթադրում է, որ հաշվի առնելով հայկական մտածելակերպը, դժվար կլինի խոսել գենդերային հավասարության մասին։ Դրան պետք է նախևառաջ պատրաստ լինեն հենց գեղեցիկ սեռի ներկայացուցիչները։

«Սառցե թագուհու» հայկական եկեղեցին ու «Ոսկե այծքաղի» Արարատ լեռը. մուլտֆիլմերի գաղտնիքը

Յանան նշում է, որ իր նախագիծը կոչված չէ դատապարտելու: «Չեմ ուզում ոչ մեկին սովորեցնել։ Պարզապես ուզում էի բարի ձևով խոսել մեզ պարտադրված նորմերի ու վախերի մասին առանց քարոզների ու պայքարի, հեգնանքով ու գոտեպնդելու ցանկությամբ, այդ պատճառով էլ առաջացավ հեքիաթների ֆորմատը»։

Յանայի բլոգը նոր է, այդ պատճառով էլ նա դեռ քիչ բաժանորդներ ունի։ Սակայն արդեն իսկ կարելի է տեսնել՝ ինչ ակտիվությամբ են այս թեմաներին արձագանքում ոչ միայն աղջիկները, այլև տղաները։

«Տարվել եմ micellar tales-ով։ Պետք է ներառել հանրակրթական ծրագրում», «Շնորհակալություն, հիանալի է», «Անպայման շարունակեք», «Մեկնաբանություն եմ գրում, որ յութուբի ալգորիթմը բարձրացնի դա, ու հնարավորինս շատ մարդ տեսնի այս փոքրիկ գլուխգործոցը», «Սա այն դեպքն է, երբ դեռ մինչև վերջ չլսած՝ խորհուրդ ես տալիս ծանոթներիդ», «Հզոր է, թեկուզ և տղա եմ։ Եվ օրիգինալ է», - գրում են օգտատերերը՝ մեկնաբանություններում։

Վերջում ավելացնենք, որ Յանան իր առաջին հեքիաթը հրապարակելուց առաջ գրեթե մեկ ամիս երկմտանքի մեջ է եղել. մտածել է՝ ինչ կասեն ծանոթներն ու գործընկերները։ Նա կատակում է, որ վախերն ամենուր են, նույնիսկ վախերի մասին հեքիաթների մոտ։ Սակայն ընկերներն ու մտերիմները հավանել են նախագիծը: Նախագծի ամենագլխավոր երկրպագուն Երևանում ապրող նրա տատն է՝ Ելենա Գեորգիևնան, իսկ ամուսինն առաջարկել է հեքիաթ-գարեջրիկներ նախագիծ սկսել տղամարդկանց համար։

Ինչու երեխաներին մեծացնել հենց Հայաստանում. ռուս կինը 5 կարևոր պատճառ է նշում