Մնացականյանն ու Զարիֆը քննարկել են կորոնավիրուսի թեման

Մնացականյան–Զարիֆ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ստեղծված պայմաններում հայ-իրանական համագործակցությանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին իրանական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:

Հայաստանն աջակցում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ գլոբալ հրադադարի կոչին. Մնացականյան

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ գործադրվող ջանքերի վերաբերյալ: Նախարար Զարիֆը Իրանի կառավարության անունից ցավակցել է հայ գործընկերոջը՝ կորոնավիրուսի հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ և զորակցություն մաղթել հայ ժողովրդին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մնացականյանը շնորհավորել է իրանցի գործընկերոջը և քննարկել կորոնավիրուսի հետ կապված հարցեր

ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրել է ՀՀ կառավարության՝ համավարակի տարածման դեմ արդյունավետ պայքարի ուղղությամբ գործադրվող ջանքերը և բարձր է գնահատել Իրանի կողմից արտահայտված զորակցությունը: Անդրադարձ է կատարվել նաև կորոնավիրուսի դեմ համընդհանուր պայքարին և ստեղծված պայմաններում հայ-իրանական համագործակցությանը:

Հիշեցնենք, որ Մնացականյանն այսօր հեռախոսազրույց էր ունեցել նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նրանց զրույցի թեման նույնպես կորոնավիրուսի հաղթահարումն է եղել։