Սերժ Սարգսյանի եղբորորդին կմնա ճաղերի հետևում

Դատարանը մերժել է Նարեկ Սարգսյանի պաշտպանի բողոքը։ Փաստաբանը Sputnik Արմենիային հայտնեց, որ պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին ՝ Նարեկ Սարգսյանը, կշարունակի մնալ կալանքի տակ։ Նրա փաստաբան Արթուր Պիվազյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը մերժել է առաջին ատյանի դատարանի` Սարգսյանի կալանավորման երկարաձգման որոշման դեմ իր բողոքը։

Երբ Սերժ Սարգսյանն ու Յուրի Խաչատուրովը ներկայանան, դա կլինի կուլմինացիան. Փաշինյան

Ըստ Պիվազյանի ՝ դատարանն ապրիլի 6-ին հրապարակել է որոշման միայն եզրափակիչ մասը։ Փաստաբանն ամբողջական փաստաթուղթը դեռ չի ստացել։ Պիվազյանը հավելեց` հենց որոշում ստանա, կբողոքարկի այն, քանի որ իր համար անհասկանալի է` ինչպես և ինչով կարող էին որոշման հեղինակները հիմնավորել, որ առաջին ատյանի դատարանի որոշման մեջ խախտումներ չկան։

Փաստաբանի խոսքով` առաջին ատյանի դատարանը կալանավորման համար բավարար փաստարկներ չի ներկայացրել, չի պարզաբանել, թե ինչով են պայմանավորված կասկածներն այն մասին, թե Սարգսյանը կարող է խուսափել արդարադատությունից։

Հիշեցնենք, որ Չեխիայում Ֆրանկլին Գոնսալես ներկայացող Նարեկ Սարգսյանը դեկտեմբերի 21-ին ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել էր Հայաստան։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը դեռևս դեկտեմբերի 10-ին տեղեկացրել էր, որ Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը։

ՀՀ իրավապահներն արդեն մեկ տարի սպասում էին Չեխիայի իշխանությունների այդ որոշմանը։

Միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել և ձերբակալվել էր 2018թ.–ի դեկտեմբերի 6-ին Պրահայում։ Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

2018թ.–ի հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

2018թ.–ի հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: