Գազի գնի հարցում շատ բան կախված է հայ–ռուսական հարաբերությունների որակից. փորձագետ

Էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետը մեկնաբանել է գազի գնի վերաբերյալ Երևանի և Մոսկվայի առաջիկա բանակցությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի –Sputnik, Աշոտ Սաֆարյան. Տեսականորեն հնարավոր է, որ Հայաստանի համար ռուսական գազի գինը նվազի։  Նման սցենարի օգտին է խոսում նավթի գնանկումը և կորոնավիրուսի պայմաններում էներգակիրների պահանջարկի ընդհանուր նվազումը։  Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանը։

Ինչ է սպասվում Հայաստանին գազի գնի հարցում. փոխվարչապետը փակագծեր է բացում

Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նամակով դիմել էր ռուսական «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլերին` առաջարկելով նոր բանակացություններ սկսել, մասնավորապես, սահմանին գազի ներկայիս գինը նվազեցնելու վերաբերյալ։

Հայաստանն այսօր «կապույտ վառելիքը» գնում է 165 դոլարով։ Երկրի ներսում հիմնական սակագինը ներկայիս փոխարժեքով մոտ 280 դոլար է։

«Կողմերն, իհարկե, կարող են գալ համաձայնության և նվազեցնել սահմանին գինը։  Սակայն, միևնույն ժամանակ, շատ բան կախված է հայ–ռուսական քաղաքական հարաբերությունների որակից։ Գազ չեն վաճառում միջազգային բորսաներում, դրանում է նավթից նրա տարբերությունը։ Հետևաբար, գնագոյացման հարցում էական դեր են խաղում քաղաքական գործոնները», – կարծում է Մանվելյանը։

Հայաստանը փորձում է պահպանել գազի գինը՝ սահմանին սակագինը նվազեցնելու հաշվին

Սպասվող հայ–ռուսական քննարկումների ֆոնին աչքի է ընկնում վերջին տեղեկությունն այն մասին, որ «Գազպրոմ Արմենիա» դուստր ձեռնարկությունն ուզում է դիմել կարգավորիչին` առաջարկելով վերանայել սակագները։ Մասնավորապես, ընկերությունն ուզում է հուլիսի 1-ից բարձրացնել սակագինը անապահով բաժանորդների համար, որոնք ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեն և տարեկան մինչև 600 խմ գազ են սպառում։

Նրանց համար սակագինը կբարձրանա 100–ից մինչև 135,9 դրամ 1 խմ–ի դիմաց։ Իսկ այն բաժանորդների համար, որոնք ամսական մինչև 10 հազար խմ գազ են սպառում (տնային տնտեսություններ, ՓՄՁ–ների մեծ մասը), առաջարկվում է նվազեցնել գինը 139 հազարից մինչև 135,9 հազար դրամ։

Մանվելյանը դժվարացավ ասել՝ ինչու է ընկերությունն ընտրել սակագների վերանայման հենց նման սխեմա, հաշվի առնելով, որ նվազումը սպառողների հիմնական մասի համար աննշան է լինելու, իսկ սոցիալապես խոցելի խավի համար` հակառակը` էական։  Նա չբացառեց, որ անապահով շերտն է կազմում սպառողների զգալի մասը, և ցածր սակագնով այդքան մեծ թվով քաղաքացիներին գազ մատակարարելն ընկերության համար էական ֆինանսական խնդիրներ է առաջացնում։

«Արդեն մեկ տարուց ավել է՝ «Գազպրոմ Արմենիան» բնակչությանն էժան գազ է վաճառում սահմանին գնի բարձրացման պայմաններում։ Այդ տարբերությունը ընկերությունը փոխհատուցում է իր ներքին ռեսուրսների հաշվին։ Ակնհայտ է, որ այլևս այդպես շարունակվել չէր կարող», – ասում է Մանվելյանը։

Նա կարծում է, որ եթե ընկերությունը ծանրակշիռ փաստարկներ չունենար, չէր դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։

Ներկայում գազի գինը Հայաստանի բնակչության համար կազմում է 139 դրամ 1 խմ–ի դիմաց։ Անապահով ընտանիքների համար սահմանվել է տարեկան 100 դրամ առաջին 600 խմ–ի համար և 139 դրամ` 600 խմ–ից ավել սպառելու դեպքում։

«Գազպրոմ Արմենիան» առաջարկում է որոշ սպառողների համար գազի գինը բարձրացնել 36%-ով