ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը ներկայանան Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողով, դա կլինի հանձնաժողովի աշխատանքի կուլմինացիան։ Նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերից մեկի այն հարցին, թե ինչու են ուշանում հանձնաժողովի արդյունքները։
«Հանձնաժողովը լսել է բազմաթիվ մարդկանց և հիմա խնդիր է դրել լսել 2016 թվականին Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին, և ես տեղյակ եմ, որ նաև Սերժ Սարգսյանն է հրավիրված քննիչ հանձնաժողովում հարցերին պատասխանելու»,- ասաց նա։
Նա նշեց, որ այս ընթացքում հանձնաժողովը մոտ 25 հազար էջ փաստաթուղթ է ուսումնասիրել, ծավալուն աշխատանք է կատարել։
Հանձնաժողովի աշխատանքի ժամկետը երկարացվել է մինչև հունիս։ Վարչապետը հույս ունի, որ մինչև այդ ժամկետը հանձնաժողովը կկարողանա եզրակացություն կատարել։
Հիշեցնենք` ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն այսօր հայտնել էր, որ Սերժ Սարգսյանն ապրիլի 13-ին կամ 16-ին, ժամը 14:00-ին (իր ընտրությամբ), լսումների նպատակով հրավիրված է 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով։
Մոտ մեկ տարի է, ինչ ԱԺ-ում գործում է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով։ 2019թ.–ին հանձնաժողովը 21 նիստ է գումարել, հրավիրվել են մեծ թվով զինվորականներ և բարձրաստիճան նախկին ու ներկա պաշտոնյաներ, որոնք պատասխանել են հանձնաժողովին հետաքրքրող հարցերին։
«Ապրիլյան հանձնաժողովը լավ կաներ` Նիկոլ Փաշինյանին հրավիրեր հարցաքննության». Շարմազանով