Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը Facebook—ի իր էջում տեսանյութ է տեղադրել` նկարահանված Տավուշի Բաղանիս գյուղում։ Կարճ տեսանյութում հստակ լսվում են հակառակորդի կողմից գյուղի վրա արձակած կրակոցների ձայները։
Հիշեցնենք, այսօր ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ-ը տարածած հայտարարության մեջ հայտնել էր, որ հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Իսկ հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում են ստացել երկու զինծառայող:
Դիվերսիոն գործողության ժամանակ հակառակորդը թիրախավորել էր Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ 15–ամյա մի տղա, որն այդ պահին գտնվել է պատշգամբում:
Երեխան վիրահատվել էր Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում և ապա տեղափոխել Երևան: Նրա վիճակը գնահտվում է կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում: Վիրավոր զինծառայողների կյանքին ևս վտանգ չի սպառնում։ Նրանց էլ կտեղափոխեն Երևան։