ԵՐԵՎԱն, 27 մարտի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի ընտրություններից առաջ ուղերձով դիմել է արցախցիներին։ Նա նշել է, որ Արցախում համապետական հերթական ընտրությունները համընկել են ամբողջ աշխարհը պատուհասած` լրջագույն մարտահրավերներով և վտանգներով լի մի ժամանակաշրջանի հետ, երբ մարդկանց առողջությունը պահպանելն ու կյանքեր փրկելը բացարձակ առաջնահերթություն է բոլոր պետությունների և ազգերի համար:
«Մարդկային կյանքեր փրկելն ու պետությունները ճգնաժամային ստեղծված իրավիճակում արդյունավետ կառավարելն այս փուլում բոլորի համար ամենակարևորն է, հետո կգա համավարակի տնտեսական վնասները չեզոքացնելու և քաղաքացիների արժանապատիվ կեցությունն ապահովելու դժվարին` հետճգնաժամային ժամանակաշրջանը»,- նշված է Սարգսյանի ուղերձում:
ՀՀ երրորդ նախագահը հույս է հայտնել, որ Արցախի իշխանությունները, սթափ և ճիշտ կգնահատեն իրավիճակը, անվրեպ կհաշվարկեն վտանգները և կկայացնեն որոշումներ, որոնք չեն վտանգի սեփական քաղաքացիների կյանքը՝ կարևորելով մարդկային կյանքի արժեքը:
«Ինքներդ էլ զգոն եղեք, հոգ տարեք ձեր և ձեր ընտանիքների, ձեր շրջապատում խնամքի կարիք ունեցող անձանց հանդեպ, պահպանեք ձեր առողջությունն ու կյանքը: Սա ևս կյանքի և մահու պայքար է, ինչպես պատերազմի ժամանակ, որը մենք տարիներ առաջ միասին արժանապատվորեն անցանք և հաղթեցինք»,- շեշտել է նա:
Դավիթ Բաբայանը նոր կուսակցություն է հիմնել և բացատրել նպատակը
Անդրադառնալով Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման խնդրին, Սարգսյանն ընդգծել է, որ տարիներ ի վեր այդ ուղղությամբ տարվող բանակցությունների հիմքում եղել են նաև միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան՝ համապետական և ՏԻՄ ընտրությունների արդյունքները:
«Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում, և Հանրապետության նախագահի ու Ազգային ժողովի ընտրությունները պետք է այս պնդումը անհերքելի իրողություն դարձնեն,- ասել է Սարգսյանը»:
Անդրադառնալով մարտի 31-ին Արցախում կայանալիք ընտրություններին ՀՀ երրորդ նախագահը արցախցիներին հորդորել է, որ ոչ մի դեպքում թույլ չտալ, որ քաղաքական պայքարը խաթարի հանրային համերաշխությունը, կոտրի նրանց միասնականության ոգին և թուլացնի զգոնությունը, քանի որ պատերազմի վտանգն այսօր նույնքան իրական է, որքան շուրջ երեք տասնամյակ առաջ:
«Ընտրե՛ ք պետության անվտանգությունը լավագույնս ապահովողին, նրան, ով ունակ է ամենածանր փորձությունից հաղթանակած դուրս գալու, և դա ապացուցել է սեփական օրինակով ու հերոսությամբ, ով կարող է հմուտ կառավարել երկիրը, վստահ և պատվախնդրորեն ներկայացնել ձեզ ու արտահայտել ձեր կամքը, ձեր ստեղծարար միտքը և ներուժը ծառայեցնել երկրի հզորացմանն ու ձեր բարեկեցությանը»,- նշել է նա:
Դավիթ Բաբայան. «Նոր Սահմանադրությամբ նախագահը կզբաղվի նաև կառավարության գործունեությամբ»
Սարգսյանը հույս է հայտնել, որ այս ընտրությունների արդյունքում Արցախում կձևավորվի քաղաքական լայն ներկայացվածությամբ ու բազմակարծություն ունեցող խորհրդարան և Հայաստան, Արցախ և Սփյուռք եռամիասնությամբ, համազգային գաղափարներն ու նպատակները կրող իշխանություն:
Հիշեցնենք, մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում անցկացվելու են նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: