ՌԱԴԻՈ

ՀԴՄ–ներին առնչվող նոր պահանջը բարդացրել է բիզնեսի գործը, բայց չի նպաստել ստվերի կրճատմանը

«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի հայտարարությանը, որն առնչվում է ՀԴՄ–ների աշխատանքի ծրագրային միջամտություններին։
Sputnik
ՀԴՄ–ներին առնչվող նոր պահանջը բարդացրել է բիզնեսի գործը, բայց չի նպաստել ստվերի կրճատմանը

Տեղեկատվության համաձայն` որոշ տնտեսավարող սուբյեկտներ վաճառված ապրանքի դիմաց սպառողներին տրամադրում են գնման արժեքին, քանակին և անվանմանը համապատասխանող ՀԴՄ կտրոն, սակայն կատարելով ծրագրային միջամտություն` տվյալ կտրոնի վերաբերյալ հարկային մարմնի տեղեկատվական բազա ուղարկում են ավելի ցածր արժեքով կամ ընդհանրապես այլ ապրանքի վերաբերյալ տեղեկություններ։ 

Խանութներում ճիշտ ՀԴՄ են տալիս գնորդին, բայց այլ թիվ են ներկայացնում հարկային մարմնին

Սամսոն Գրիգորյանը գտնում է, որ նշված երևույթը համատարած բնույթ չի կրում։ Ըստ նրա` նման միջամտություն անելու դեպքում պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ առևտրային ծրագիրը համակցված է ՀԴՄ սարքին ու ՊԵԿ համակարգին, ինչը մեծ մասամբ կատարվել է, որպեսզի ՀԴՄ կտրոնի վրա լինեն ապրանքների անունները, ԱՏԳ կոդերը և առանձին գները։ Հետևաբար այդ պահանջը, որն ահագին բարդացրել է բիզնեսի գործունեությունը, ըստ էության չի նպաստել ստվերի կրճատմանը, այլ ոմանց դրդել է, որ նոր միջոցներ գտնեն ՊԵԿ–ին խաբելու և սխալ տվյալներ ներկայացնելու։

«Ամբողջությամբ և 100 տոկոսով երբեք չի հաջողվի վերահսկել ոչինչ և՛ Հայաստանում, և՛ արտասահմանյան որևէ երկրում, բայցևայնպես ՊԵԿ–ն ունի գործիքակազմ, որի միջոցով կարողանում է առավելագույնս վերահսկել գործարար դաշտը, իսկ զեղծարարությունները երկար չեն տևի և մի օր կբացահայտվեն»,– նշում է «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգողը։

Գրիգորյան. «ՀԴՄ սարքերի համակցումը ՊԵԿ համակարգին ծախսատար է ու ժամանակատար»

Սամսոն Գրիգորյանի կարծիքով` նման բարդացումներ մտցնում են` հույս ունենալով, որ դա կվերացնի ստվերը, սակայն չի ստացվի, քանի որ ավելի պարզեցված աշխատանքն է բերում ստվերի կրճատման։ Ըստ նրա` տվյալ դեպքում գործ ունենք անբարեխիղճ տնտեսվարողի հետ, ով ձգտելու է ամեն կերպ թաքցնել իր եկամուտները, իսկ ՊԵԿ–ն իր հերթին փորձելու է ամեն կերպ բացահայտել նման տնտեսվարողներին, հետևաբար երևույթն ունենալու է շարունակական բնույթ։