Վերջ դնել «թուրքական գետտոներին». հայերի և Մերձավոր Արևելքի քրիստոնյաների փրկության ուղին

Մուսուլմանները պետք է հասկանան, որ քրիստոնյաները «գյավուր» չեն, ոչ էլ «զիմմի», այլ Մերձավոր Արևելքի լիիրավ բնակիչներ։ Իսկ քրիստոնյաները սկսում են հասկանալ, որ ո՛չ Եվրոպան, ո՛չ ԱՄՆ–ն մտադիր չեն իրենց փրկել։
Sputnik

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Վերջ դնել «թուրքական գետտոներին». հայերի և Մերձավոր Արևելքի քրիստոնյաների փրկության ուղին

Ի՞նչ ապագա կունենան Մերձավոր Արևելքի քրիստոնյաները պատերազմից հետո։ Քչերն են գիտակցում, որ քրիստոնյաներն ու եզդիները եկվոր չեն մուսուլմանական աշխարհում։ Ճիշտ հակառակը` նրանք եղել են ու մնում են Մերձավոր Արևելքի կյանքն ու մշակույթը կերտողները։ Ո՛չ «գյավուր» են, ո՛չ էլ «զիմմի». նրանք իրենց երկրների լիիրավ քաղաքացիներ են, ինչպես ցանկացած մուսուլման։ Սա է Փարիզում լույս տեսած «Արևելքի փոքրամասնություններ. պատմության մոռացվածները» («Minorités d'Orient: Les oubliés d'Histoire») գրքի հիմնական գաղափարը։

Գրքի հեղինակը երիտասարդ, բայց արդեն հայտնի ֆրանսահայ լրագրող և արևելագետ Տիգրան Եկավյանն է` սիրիահայի զավակ, պատերազմից առաջ շատ անգամներ է Սիրիա ու Լիբանան այցելել։

Վերջ դնել «թուրքական գետտոներին». հայերի և Մերձավոր Արևելքի քրիստոնյաների փրկության ուղին

Ինչպես են «օգնում» քրիստոնյաներին

Արմատական իսլամականների մասին Արևմուտքում սկսեցին բարձրաձայնել միայն 2014-2015 թվականներին, երբ նրանք սկսել էին հարձակվել Նինվեի և Սինջարի` ասորի և եզդի ժողովուրդների պատմական տարածքների վրա։

Զիգզագաձև լարումները դարձել են Մերձավոր Արևելքի ձեռագիրը. Տեր-Մաթևոսյան

«Այս իրադարձությունները Արևմուտքի հանրությանը հիշեցրել էին 1915-ի իրադարձությունների մասին», – նշեց Եկավյանը։

Հարյուր տարի առաջ էլ հույները, հայերն ու ասորիները հավատում էին, որ եվրոպական գերտերություններն իրենց քրիստոնյա եղբայրներին օգնության կհասնեն։

Հայաստանում շատերն են հիշում, որ բոլշևիկներն իրենց զորքը դուրս էին բերել Կարսից և Իգդիրից ու քեմալական թուրքերին հանձնել «համաշխարհային հեղափոխության» խոստումների դիմաց։ Սակայն քչերն են հիշում (և՛ Հայաստանում, և՛ Արևմուտքում), որ Ֆրանսիայի իշխանության հրամանով Կիլիկիան, իսկ Բրիտանիայի իշխանության հրամանով ասորական Հաքքարին ևս հանձնվել էին թուրքերին։

Թուրքիայում քրիստոնյաների գերեզմաններ են պղծել. վեց վանդալի ձերբակալել են

«Ֆրանսիան հեռանում է այդքանից հետո, երբ այստեղ իր մարտիկների արյունն է թափվել։ Նրանց մեղքով չէ, որ Ֆրանսիան հեռանում է այստեղից` դավաճանելով իր խոստումները», – այսպես է իր նամակներից մեկում գրել Վահան Փորթուգալյանը, որը մարտնչել է ֆրանսիական բանակի հայկական լեգեոնում (մեջբերումը` Տիգրան Եկավյանի գրքից)։

Ավելորդ է հիշեցնել, որ Քեմալին սիրաշահելուց Փարիզն ու Լոնդոնը ոչ մի օգուտ չեն ստացել։ Ստացված հողերը կուլ տալով` Թուրքիան անմիջապես սկսեց իր խառնակիչներին Սիրիա և Իրաք ուղարկել բախումներ հրահրելու համար (այն ժամանակ Սիրիան գտնվում էր Ֆրանսիայի, իսկ Իրաքը` Անգլիայի հսկողության տակ)։ Սակայն սա էլ դաս չեղավ։ 1939 թվականին Ֆրանսիայի իշխանությունները Թուրքիային հանձնեցին Ալեքսանդրետայի գավառը (թուրքերեն` Իսքենդերուն)։ Այնտեղ էր գտնվում Անտիոքի պատրիարքարանը, որն, ըստ ավանդության, հիմնել են սուրբ Պողոս և Պետրոս առաքյալները։

Ճիշտ նույն կերպ պատմությունը կրկնվում է նաև քրդերի հետ։ Նրանք Էրդողանի պես աղմկոտ չեն գործում, բայց միևնույնն է` ունեն որոշակի նպատակներ։

«Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը ջանում է աշխարհին ցույց տալ, որ հարգում է քրիստոնյաների իրավունքները։ Գործում են դպրոցները, բացվում եկեղեցիները, Քրդստանի խորհրդարանում 3 ասորի և մեկ հայ պատգամավոր կա։ Սակայն այստեղ էլ քրիստոնյաները ոչ թե համաքաղաքացի են, այլ ենթակա վասալներ»,– ընդգծում է Եկավյանը։

Նրա խոսքով` հասարակությունը քրդացնելու նպատակն իրականացվում է բոլոր մակարդակներում։ Սիրիայի քրդական տարածքում նույնիսկ դպրոցական պատմությունը վերաշարադրվում է քրդերի համար ցանկալի տեսքով։

«Քրիստոնյաների և եզդիների մասին լուրերին հետևելիս` պետք է ուշադիր լինես, որպեսզի քրդական քարոզչության զոհ չդառնաս», – ընդգծում է Եկավյանը։

Լյուդովիկոս Սուրբն ու Ջորջ Բուշը

«Եկեղեցու անդրանիկ աղջիկ». այսպես էին Եվրոպայում անվանում Ֆրանսիան, որովհետև ֆրանկների առաջնորդ Հլոդվիգը Եվրոպայի առաջին արքան էր, որ մկրտություն էր ընդունել։ Ի նշանավորումն դրա` միջնադարում Ֆրանսիայի թագավորները իրենց տիտղոսներին ավելացնում էին «քրիստոնեագույն տիրակալ» բառերը։

Ջամալյան. «ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքից ինքնակամ դուրս չի գա»

Մի կողմից` Ֆրանսիան հպարտանում է քրիստոնեական արժեքների պաշտպանությամբ։ Այստեղ հիշում են նաև Լյուդովիկոս Սուրբ արքայի ուղերձը, որը խաչակիր արքան արել է XIII դարում` արշավանքի ժամանակ հանդիպելով արաբ քրիստոնյա մարոնիտներին։ Հիշում են նաև Ֆրանցիսկոս I արքայի և թուրք սուլթան Սուլեյմանի համաձայնագիրը 300 տարի անց։ Երկու արքաները պաշտպանության հովանի էին խոստանում իրենց քրիստոնյա եղբայրներին։ Սակայն պատմության հմայքը մի բան է, իրականությունը` մեկ այլ։ Եվ արևելյան եկեղեցիների առաջնորդները գնալով ավելի են դրանում համոզվում։

«Երբ սկսվեց վերջին պատերազմը, Սիրիայի պատրիարքները ժամանեցին Փարիզ։ Այստեղ նրանք քանիցս զգուշացրին, որ սիրիական ընդդիմության շարքերում մուսուլմանական արմատական ուժեր կան։ Սակայն նրանց խոսքերին ոչ ոք ականջ չդրեց։ Սա հերթական անգամ ցույց տվեց, որ արևմտյան առաջնորդները հստակ քաղաքականություն չունեն Արևելքի քրիստոնյաների նկատմամբ», – ընդգծում է Եկավյանը։

Տե՛ր, սովորեցրու միլիոնատեր քրիստոնյա լինելու արվեստը. 1–ին քրիստոնյա ազգի CV ենք լրացնում

Նկատենք, որ խաղաղության կոչերով էին դիմում նաև Հռոմի պապերը. և՛ Ծոցում պատերազմից հետո, և՛ 2011 թվականի «Արաբական գարունից» անմիջապես առաջ։ Սակայն 1991 թվականին Ջորջ Բուշ Ավագն այնքան անտեսեց Հռոմի պապին, որ նույնիսկ անձամբ նրան տեղյակ չպահեց Իրաքյան պատերազմի ավարտի մասին (Հովհաննես Պողոս II-ին զանգահարել էր Իտալիայի նախագահը)։

Սակայն քչերն են հիշում, որ ինչպես այս, այնպես էլ 2003-ի Իրաքյան պատերազմը շատ հարմար առիթ էր իսլամիստների համար քրիստոնյաների վրա կրկին հարձակվելու համար։ Արդյունքում, 1991 թվականից հետո առ այսօր Իրաքը լքել է քրիստոնյաների երկու երրորդը։ Սա տխուր մի զուգահեռ է Օսմանյան կայսրության և քեմալական Թուրքիայի հետ. Անատոլիայում 1890–ականներին հայերը, ասորիներն ու հույները բնակչության մոտ 30%–ն էին կազմում, 1924 թվականին` 2%–ը, այժմ` էլ ավելի քիչ։

Ղևոնդ Ալիշանի նվերը. աշխարհի հնագույն թուրը գտնվել է Մխիթարյան միաբանությունում

Իրաքյան քրիստոնյաների ճակատագիրը քիչ էր մտահոգում պատերազմի կազմակերպիչներին, թեև երկու Ջորջ Բուշերն էլ հավատացյալ քրիստոնյա էին։

«Եկեղեցու զավակներ» են մնում ոչ թե արքաներն ու նախագահները, այլ հասարակ ամերիկացիներն ու ֆրանսիացիները։ Նրանցից մեկն էլ Էմանուել Ալբաշն էր, որը 70-ականներին Ֆրանսիայից Լիբանան էր մեկնել` կռվելու քրիստոնեական ինքնապաշտպանական ջոկատներում։ Այսօր էլ Արևմուտքում մի շարք աջակողմյան կազմակերպություններ կան, որոնք աջակցում են քրիստոնյաներին։

Եվ վերջապես տարիներ անց քրիստոնյաների և եզդիների մասին սկսեցին խոսել քաղաքական գործիչները (թեև արդեն պաշտոնաթող դարձած)։ Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիոնը վերջերս Փարիզում մեծ ժողով էր հավաքել այս հարցի վերաբերյալ։ Այնտեղ էին Իսպանիայի նախկին վարչապետն ու Իռլանդիայի նախկին նախագահը։ Հիմա նրանք ուզում են Մերձավոր Արևելքի կրոնական փոքրամասնությունների աջակցման նոր հիմնադրամ ստեղծել։

«Ափսեներիդ մեջ նայեք»

Նրանք, ովքեր քրիստոնյաներին անվանում են «Արևմուտքի գործակալներ» Արևելքում, մոռանում են այն օրինակների մասին, երբ այդ նույն քրիստոնյաները մուսուլմաններից ոչ պակաս պաշտպանում էին համայն արաբական գաղափարները։ Նրանցից էր, օրինակ, ղպտի պատրիարք Շենուդա III–ը, որը դեմ էր Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի` Իսրայելի հետ մերձեցման քաղաքականությանը (ընդ որում` նույն Սադաթը պետական կրոն էր հռչակել իսլամը` «մոռանալով» իր իսկ երկրի միլիոնավոր ղպտիների մասին)։

Եթե իսլամը որպես այդպիսին գոյություն ունի ինքն իրեն, ապա իսլամական ֆունդամենտալիզմը` բնավ ոչ։ Հենց արմատական իսլամն է, որ մի շարք արաբական երկրների համար շատ հարմար միջոց է հարևան երկրների վրա ազդելու համար։ Ոչ բոլորն են գիտակցում, որ արմատական իսլամիզմը սնուցվում է Պարսից ծոցի և Սաուդյան Արաբիայի երկրներից, ընդգծում է Եկավյանը։

«Այն ամրապնդվում է ոչ թե Եգիպտոսի ներսում, այլ աջակցություն է ստանում Ծոցի երկրներից և սաուդիտներից։ Այդ պատճառով է, որ ողջ աշխարհի ժողովրդավարության ջատագովները պետք է բարձրացնեն այդ հարցը եթե ոչ քրիստոնյաների, ապա գոնե առհասարակ մարդու իրավունքների պաշտպանության համար», – հավելեց Եկավյանը։

Նույն Եգիպտոսում նախագահ աս–Սիսին թույլ տվեց ղպտիներին Սուրբծննդյան նոր տաճար կառուցել և նույնիսկ ժամանել այնտեղի պատարագին, սակայն միևնույն ժամանակ երկրում ազատ գործում են նաև սալաֆիտ մուսուլմանների կայքերը, որոնք պայքարի են կանչում «անհավատների» դեմ։ Ո՞վ է նրանց ֆինանսավորում։

«Հարցնում եք, թե ուր է իմպերիալի՞զմը։ Ափսեներիդ մեջ նայեք», – այսպես է իր ելույթներից մեկում ասել «աֆրիկացի Չե Գևարան»` Բուրկինա–Ֆասոյի սպանված նախագահ Թոմա Սանկարան։

Այլևս «զիմմի» չեն

«Այլոց պատերազմ». իր հայրենիքի անվերջանալի հակամարտություններն այսպես անվանեց լիբանանցի հայտնի լրագրող Հասան Թյուենին։ Հասանը արաբ քրիստոնյա է։ Ինչպես նա, այնպես էլ Արևելքում մի շարք այլ քրիստոնյաներ ընդգծում են, որ հարցի լուծումը ոչ ոք դրսից սկուտեղով չի մատուցի, հարցը կլուծեն միայն լիբանանցիները։ Քանի դեռ քրիստոնյաները պաշտպանություն են փնտրելու Եվրոպայում, նրանց խեթ–խեթ են նայելու մուսուլմանները։ Քանի դեռ մուսուլմանները նայելու են քրիստոնյաներին որպես «զիմմի» (շարիաթի համաձայն` քրիստոնյաներն ու հրեաները հավասար չեն իրավունքների հարցում մուսուլմանների հետ), նրանք առիթ կտան, որ Սաուդյան Արաբիայի նման երկրները միջամտեն իրենց իսկ երկրի գործերին։

Առաջնորդների անզուսպ լինելը վտանգավոր է պետության համար

Դա է պատճառը, որ Լիբանանի վերջին ամիսների բողոքի շարժումն այսքան մեծ ուշադրություն է գրավում։ Երկրի պատմության մեջ աննախադեպ կերպով դրանք միավորել են բոլորին` լինի քրիստոնյա, թե մուսուլման։

«Առաջին անգամ այդ մարդիկ ըմբոստացան և հասկացան, որ կարող են մի ժողովրդի նման ապրել և ոչ անջատ–անջատ։ Այդպես նրանք կարող են ցույց տալ համակեցության սկզբունքորեն նոր ձև` ոչ թե օսմանյան «միլլեթներ», այլ միասնական հասարակություն», – ընդգծեց Եկավյանը։

«Մենք նման ենք մոլորված որբ երեխաների». Դերսիմի հայերը բացահայտում են իրենց արմատները

«Միլլեթը» նվազագույն ինքնավարության համակարգ է, որն Օսմանյան կայսրությունում ստեղծել են հրեաների և քրիստոնյաների համար։ Իրենց ներսում նրանք որոշում էին ամուսնությունների, ամուսնալուծությունների և եկեղեցական գույքի հարցերը։ Օսմանյան կայսրությունը վաղուց արդեն չկա, բայց կան միլլեթների տրամաբանության մնացուկներ. քրիստոնյաներին ու եզդիներին փորձում են վերաբերվել որպես մեկուսացված մի փոքրամասնության։

Սակայն արմատականությանը վերջ դնելու համար արաբական երկրներում հասարակությունը պետք է միասնական դառնա` առանց «ճիշտ մուսուլմանների» և «զիմմիների»։ Խնդիրը բնավ էլ հեշտ չէ (և հայտնի չէ` առհասարակ իրագործելի է, թե ոչ)։ Սակայն հենց այդ մասին են ավելի ու ավելի հաճախ խոսում Մերձավոր Արևելքի մտավորականները, ընդ որում` արդեն ոչ միայն քրիստոնյաները։