Վարպետության դաս Նիկոլ Փաշինյանից, կամ ինչպես օգտակար սնվել արտակարգ դրության ժամանակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտանեկան ջերմ տեսանյութ է հրապարակել, որում պատմում է նաև գարնանային բարիքների՝ տարատեսակ բանջարեղենների օգտակարության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես է արտակարգ դրության ժամանակ երեկոն անցկացնում ընտանիքի հետ։

Հաճելի երեկոն սկսվում է կրտսեր դստեր՝ Արփիի «բալետային»պարով: Հպարտ հայրիկն ամեն կերպ խրախուսում է դստեր պարը, և Արփին ավելի մեծ պատրաստակամությամբ է ցույց տալիս իր պարային ունակությունները: Այնուհետև ընտանիքը տեղափոխվում է խոհանոց:

«Մի մոռացեք, որ գարունը եկել է, ինչը նշանակում է, որ այն իր հետ բերել է իր բարիքները, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում փիփերթը։ Կարծում եմ, այն դժվար թե գտնեք սուպերմարկետներում»,- ժպիտով ասում է վարչապետն ու հիացած նայում տիկնոջը՝ Աննային, որն իր վրա է վերցնում օգտակար և վիտամիններով հարուստ կերակուր պատրաստելու պարտականությունը։

«Ժողովուրդ ջան, մի բան ասեմ, բայց մեր մեջ». Նիկոլ Փաշինյան

Այնուհետև Փաշինյանը հավելում է, որ այս օրերին հայկական ավանդական «սխտոր մածունն» անպակաս պետք է լինի բոլորի սեղաններից։ Փոխարենը վարչապետը հրաժարվում է հացից, բացատրելով, որ իր աշխատանքը կապված է նստակյաց կյանքի հետ, ինչը նշանակում է, որ գիրանալու վտանգ կա և պետք է պայքարել դրա դեմ։

«Հանկարծ չնկալվի, որ ես ակնարկներ եմ անում, որ ուտելու բան չլինի, սկսելու ենք փիփերթ ուտել»,-կատակում է Փաշինյանն ու վստահաբար ասում, որ սուպերմարկետներում ամեն ինչ էլ կա, իր աչքով է տեսել։

Հետո տիկին Աննան Փաշինյանին ՝է մատուցում ևս մեկ գարնանային ուտեստ`եղինջով ապուր: Իսկ երբ հայկական գինին հայտնվում է սեղանին, ՀՀ վարչապետը խմեց Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի և այս օրերին կորոնավիրուսով վարակվածների կենացը։

Երրորդ ուտեստը անտառային սնկով ձվածեղն էր։ Փաշինյանը վերհիշեց, որ իր ծննդավայր Իջևանում, այդ սնկերն աննկարագրելի համեղ են։ Վերջում Փաշինյանը վարպետության դաս ցուցադրեց և պատրաստեց Իջևանում հայտնի ուտեստ «Շաղախած բանջարը», որի պատրաստման համար անհրաժեշտ է եղինջ և մեծ համբերություն, քանի որ եղինջը փշոտ է:

Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարում սուպերմարկետներում. տեսանյութ

«Իհարկե, դուք պետք է պատրաստ լինեք, որ ձեռքերը ծակելու է․․․վախ, կծեց․․․Բայց վերջում դա շատ համեղ կլինի»,- ավելացրեց նա ու կատակեց, որ եղինջի կծելը կորոնավիրուսով չվարակվելու համար շատ օգտակար է։

Հիշեցնենք, որ Հայաստանում, ինչպես և շատ այլ երկրներում, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու նպատակով արտակարգ դրություն է հայտարարվել: Հայաստանում արտակարգ դրությունը կտևի մինչև ապրիլի 14-ը։ Հայաստան մուտքն ու ելքը սահմանափակված են, հանրային միջոցառումները արգելված են, Երևանում և այլ քաղաքներում շատ ռեստորաններ, սրճարաններ և խանութներ (բացառությամբ սննդի) փակվել են հենց իրենց նախաձեռնությամբ: Փակ են նաև կրթական և մշակութային հաստատությունները: