Գլխավոր դատախազը պահանջում է վերանայել Գագիկ Ջհանգիրյանի եղբոր դատավճիռը

Главный прокурор Артур Давтян на заседании правительства Армении (11 апреля 2019). Еревaн
Մարտի 1-ի գործով 3 տարի պայմանական ազատազրկման դատապարտված Վարդան Ջհանգիրյանը կարող է արդարացվել։ Դատախազը դիմել է դատարան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել  ՀՀ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի վերաբերյալ 2008թ-ի «Մարտի 1»-ի գործերի շրջանակում 2009թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ:

Դատախազությունը հայտնում է, որ Վարդան Ջհանգիրյանի գործն ուսումնասիրվել է «Մարտի 1»-ի գործով դատապարտված Մուշեղ Սաղաթելյանի, Գագիկ Ջհանգիրյանի և ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ այլ գործերի որոշումներում Եվրոպական դատարանի արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո։

Адвокат Роберта Кочаряна - Айк Алумян перед зданием СНБ Армении (18 мая 2019). Еревaн
Քոչարյանի պաշտպանը Ջհանգիրյանի ասածների առնչությամբ հաղորդում է ներկայացրել դատախազություն

Արդյունքում դատախազությունը պարզել է, որ դատաքննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, դատական սխալ, ինչի պատճառով ընդունված դատական ակտերն անօրինական և չհիմնավորված են:

Մասնավորապես՝ Վ․Ջհանգիրյանի մեղադրանքը հիմնավորելիս ծանրակշիռ դեր են հատկացրել ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներին։ Հաշվի չի առնվել, որ վերջիններն ակտիվորեն ներգրավված են եղել «Մարտի 1»-ի իրադարձություններում, ինչը ողջամիտ կասկածի տակ է դնում նրանց ցուցմունքների արժանահավատությունը։ Պաշտպանական կողմին լիարժեք հնարավորություն չի ընձեռվել արդյունավետ վիճարկելու իր դեմ տրված ցուցմունքների արժանահավատությունը, ինչը և հանգեցրել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքի խախտման:

Ռոբերտ Քոչարյանի աջակիցը Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել

Դատախազությունը հայտնում է նաև, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քրեական գործում առկա չեն այնպիսի արժանահավատ ապացույցներ, որոնք թույլ կտային ապացուցված համարել Վ. Ջհանգիրյանին մեղսագրված արարքները:

«Ելնելով վերոգրյալ հանգամանքներից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան՝ Վարդան Ջհանգիրյանի վերաբերյալ 2009թ. կայացված դատական ակտերը բեկանելու և փոփոխելու, մեղսագրված արարքում նրա անմեղությունը ճանաչելու  պահանջով»,- հայտնում է դատախազությունը։

Գագիկ Ջհանգիրյանը դատական հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դեմ

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եղբայրը՝ Վարդան Ջհանգիրյանը, ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի 2009թ. մարտի 31-ի դատավճռով մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը հաստատված էր համարել, որ 2008թ. փետրվարի 23-ին` ժամը 23-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Էջմիածին-Երևան մայրուղու Արգավանդ գյուղի խաչմերուկում, «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայում գտնվող զինված անձանց զինաթափելու և բերման ենթարկելու ժամանակ Վ. Ջհանգիրյանը չի ենթարկվել ոստիկանների՝ «չշարժվել» պահանջին և ավտոմեքենան վարել է նրանց ուղղությամբ՝ բախվելով ոստիկանության ավտոմեքենային։ Չի ենթարկվել նաև իր մոտ պահվող հրազենը ներկայացնելու պահանջներին, վնասել է ոստիկանի համազգեստը, բռունցքով հարվածել վերջինիս դեմքին` պատճառելով վնասվածքներ:

Առաջին ատյանի դատարանը Վ.Ջհանգիրյանին դատապարտել էր երեք տարի ժամկետով ազատազրկման։ Պատիժը պայմանականորեն չէր կիրառվել՝ սահմանվելով երեք տարի ժամկետով փորձաշրջան։

ՀՀ վերաքննիչ քրեական և վճռաբեկ դատարաններն ավելի ուշ մերժել էին բերված բողոքը՝ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողել անփոփոխ։

«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարին կարտահանձնեն Հայաստանին

Հիշեցնենք՝ Եվրոպական դատարանը «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով դիրքորոշում է հայտնել առ այն, որ «...իրադարձությունների վերաբերյալ ոստիկանության կողմից ներկայացված տարբերակն անվերապահորեն հաստատելը, դիմումատուի փաստարկներից որևէ մեկին պատշաճ կերպով չանդրադառնալը և պաշտպանության կողմի վկաներին քննելու հարցում մերժելը՝ առանց պատշաճ կերպով ուսումնասիրելու նրանց ցուցմունքների վերաբերելիությունը, հանգեցրել են պաշտպանության կողմի իրավունքների սահմանափակման, ինչը հակասում է արդար դատաքննության երաշխիքներին...»:

ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում է 2008թ. նախագահական ընտրությունների շրջանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ 2008-2009թ. կայացված դատավճիռների, դրանց առնչվող գործերի ուսումնասիրությունը: