ԳԱԱ ինստիտուտների միացումը բուհերին կունենա աղետալի հետևանքներ. Մելքոնյանը` օրինագծի մասին

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է գիտության և կրթության բնագավառի բարեփոխումների, ակադեմիայի վերակազմավորման գործընթացի մասին, ինչպես նաև անդրադարձել բարձրագույն կրթությանն առնչվող օրենքի աղմկահարույց նախագծին։
Sputnik

Աշոտ Մելքոնյանը համամիտ չէ նրանց հետ, ովքեր կարծում են, որ ԳԱԱ–ն խորհրդային ժամանակներից մնացած ժառանգություն է։ Ակադեմիկոսը հիշեցնում է` գիտությունների ակադեմիան եվրոպական համակարգ է, որը ձևավորվել է դեռ միջնադարյան Ֆրանսիայում, Գերմանիայում, իսկ հետո անցել է Ռուսաստանին, ապա ԽՍՀՄ–ին ու Հայաստանին։

Ավելի քան 30 ինստիտուտներ ուզում են մնալ ԳԱԱ–ի համակարգում

Ակադեմիկոսն ափսոսանքով ու տարակուսանքով է շեշտում, որ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նոր նախագծում գիտահետազոտական ինստիտուտների կողմից արված դիտողությունները չեն ներառվել։ Ավելին` նախագծի մշակումից առաջ մասնագիտական շրջանակների հետ չեն կազմակերպվել ծավալուն և առարկայական քննարկումներ։ Ըստ Աշոտ Մելքոնյանի` սա է հիմնական պատճառը, որ կրթության և գիտության ոլորտին առնչվող նախագծերը սովորաբար լինելում են խիստ վիճահարույց։ 

«ԳԱԱ ինստիտուտների միացումը բուհերին արհեստական է և կունենա աղետալի հետևանքներ։ ԳԱԱ–ն այն կառույցն է, որտեղ գիտնականը տալիս է զուտ գիտական արդյունք, և եթե մեր մասնագիտացված ինստիտուտները միացնեն բուհերին, ապա կհայտնվենք Ղազախստանի ու Վրաստանի վիճակում, որտեղ բարեփոխումներից հետո դրությունն ավելի վատթարացավ»,– նշում է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը։

Աշոտ Մելքոնյանի համոզմամբ` շրջանառության մեջ դրված օրենքի նախագծով միանգամայն պարզ չէ Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակը, որովհետև նախագծում հստակ գրված չէ` ակադեմիան գիտահետազոտական ինստիտուտներից բաղկացած մեկ միասնական կառույց  է, թե ոչ։ Բացի այդ, գիտության բնագավառում, ըստ Մելքոնյանի, հստակ ձևակերպված պետական պատվեր դեռ գոյություն չունի։ 

Մխիթարյան. «Օրենքը պետք է նպաստի, որ ԲՈՒՀ–ի ինքնավարության աստիճանը հնարավորինս մեծ լինի»

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը փետրվարի 24–ին ԱԺ-ում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի քննարկման ժամանակ հայտարարել էր` Գիտությունների ազգային ակադեմիայի այն ինստիտուտները, որոնք անարդյունք են աշխատում պիտի փակվեն։ Արդյունավետ աշխատող ինստիտուտներին պաշտոնյան խոստացել էր պետական աջակցություն, պետական պատվեր ու ֆինանսավորման ապահովում։