Փոքրիկն առողջ էր. Մելիքգյուղի ղեկավարը` օրորոցում մահացած հայտնաբերված աղջնակի մասին

Մահացած աղջնակին օրորոցում հայտնաբերել են ծնողները։ Դատաբժշկի նախնական եզրակացությամբ` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Արագածոտնի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել. Մելիքգյուղի 1-ին փողոցի տներից մեկում երիտասարդ ծնողներն իրենց 7 ամսական երեխային մահացած են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել

«Մարտի 9–ին Ժամը 08։30-ի սահմանում ոստիկանության Արագածի բաժինը «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մելիքգյուղի 1-ին փողոցի տներից մեկը, որտեղ օրորոցի մեջ հայտնաբերել են երեխայի դի»,–նշված է կայքում։

Sputnik Արմենիան կապ հաստատեց Մելիքգյուղի ղեկավար Հակոբ Մկրտչյանի հետ, որը ողբերգական դեպքի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել։

«Երեխայի ծնողներն իմ ազգականներն են, ես նրանց շատ լավ եմ ճանաչում։ Երեխան ոչ մի հիվանդություն չուներ։ Ամուսիններով վերջերս էին նոր տուն տեղափոխվել։ Տանը բոլոր կենցաղային պայմանները կան։ Երեխայի դին ծնողներն են հայտնաբերել վաղ առավոտյան։ Եթե երեխան վատառողջ լիներ, ծնողները նրան մեր բուժարան կտանեին, բայց ոչ մի պատճառ չի եղել»,– հայտնեց գյուղապետը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առնչությամբ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

«Դա իմ երեխան չէր». նորածինների ապօրինի որդեգրման գործերից մեկով արտաշիրիմում են արել