Ինչի՞ց կարող էր մահանալ 7 ամսական երեխան. դեպքի վայր մեկնած բժիշկը մանրամասներ է հայտնում

Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի` 7 ամսական երեխայի մահվան առնչությամբ Sputnik Արմենիան զրուցել է դիակի զննություն կատարած մասնագետի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Արագածոտնում մահացած 7 ամսական աղջնակն առողջական լուրջ խնդիրներ չի ունեցել, և վերջին օրերին ծնողները հիվանդանոց չեն դիմել որևէ գանգատով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Ծաղկահովիտի բուժկենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ Անահիտ Ավետիսյանը, որը եղել է դեպքի վայրում։

«Առավոտյան ժամը 7-8–ն ընկած ժամանակահատվածում ահազանգ ստացանք, որ Մելիքգյուղի տներից մեկում ծնողներն իրենց 7 ամսական երեխայի դին են հայտնաբերել։ Երեխայի մայրն ի վիճակի չէր շատ բան պատմել, սակայն ասաց, որ գիշերը ժամը 2-ին երեխան անհանգիստ է եղել, կաթ ուտելուց հետո քնել է։ Երկու ժամ հետո նորից արթնացել է, նվնվացել, բայց կաթ չի կերել, որոշ ժամանակ անց քնել է. ծնողներն առավոտյան արթնացել ու տեսել են` երեխան մահացած է»,–ասաց Ավետիսյանը։

Դեպքի վայր մեկնած բժիշկները դիակի զննություն են կատարել` երեխայի քթի և բերանի հատվածում կաթնաթթվային արտադրություն է եղել։ Ըստ Ավետիսյանի` հնարավոր է` երեխան փսխել է ու խեղդվել, քանի որ վերին շնչուղիների անցանելիության խանգարում է եղել մոտը։ Այսինքն` երեխայի մահվան հնարավոր պատճառը շնչարգելությունն է։

Փոքրիկն առողջ էր. Մելիքգյուղի ղեկավարը` օրորոցում մահացած հայտնաբերված աղջնակի մասին

Մանկաբույժի խոսքով` երեխան մինչ այդ անհրաժեշտ բոլոր պատվաստումները ժամանակին ստացել է։

Հարցին, թե երեխայի մոտ շնչառական վարա՞կ եղել է, որն էլ իր հերթին կարող էր շնչարգելության պատճառ դառնալ, Ավետիսյանը պատասխանեց, որ ուրբաթ շրջայց է կատարվել համայնքում, սակայն մայրն այդ օրը հորական տուն է գնացած եղել։ Իսկ դրանից հետո չի դիմել բուժօգնության։

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել

Ավետիսյանը տեղեկացրեց նաև, որ երեխայի ծնողները բավական երիտասարդ են` 20-25 տարեկան, իսկ երեխան նրանց առաջնեկն էր։ Երիտասարդ ամուսինները 3-4 ամիս էր, ինչ առանձնացել էին ծնողներից։

Հիշեցնենք, որ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առնչությամբ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Տարածաշրջանում նման վիրահատություն չէր եղել. 7-8 ժամ պայքարել են Անգելինայի կյանքի համար