Նախորդ մեկ տարվա ընթացքում «ՎԵՏՕ» շարժումն, ըստ Նարեկ Մալյանի, գրանցել է բավականին մեծ արդյունք։ Աշխատանքի արդյունավետությունը բերել է նրան, որ իրենց հետ համագործակցելու առաջարկներ են եղել աշխարհի տարբեր երկրներից, տարբեր մարդկանցից, որոնք նույնպես հաջողությունների են հասել նույն գործունեության մեջ` Ջորջ Սորոսի գործակալական ցանցի դեմ մղվող պայքարում։
«Այդ մարդկանց մեջ կան նաև հակագլոբալիստներ, սակայն նրանք ավելի վաղուց են բախվել այդ խնդրին իրենց գործունեության ընթացքում, հետևաբար իրենց երկրներն էլ այդ առումով գտնվում են տարբեր կարգավիճակներում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավարը։
Նրա խոսքով` քիշնևյան հավաքի համար հիմք էր հանդիսացել Անտուան Պլակեի գրքի շնորհանդեսը, որը կոչվում է «Ջորջ Սորոս. Բաց հասարակություն. Եվրոպայի մետաքաղաքականությունը»։
Գիրքը ֆունդամենտալ, փաստագրական ստեղծագործություն է Եվրոպայում Ջորջ Սորոսի գործակալական ցանցի կառուցվածքի, աշխատանքի բնույթի մասին։
Ուսումնասիրելով մոլդովական միջավայրը` Մալյանը եզրակացրել է, որ սորոսական ՀԿ–ներն այնտեղ և Հայաստանում ունեն նույն անվանումները, գործում են նույն մեթոդներով։ Մալյանին, օրինակ, ցնցել է այն իրողությունը, թե ինչ սարսափելի հարձակումների է ենթարկվում Մոլդովայի ուղղափառ եկեղեցին սորոսականների կողմից։
Ըստ Մալյանի` Մոլդովայում իրենց գործընկերները, բարեբախտաբար, գտնվում են այն փուլում, որ կարող են կանխել շատ բան, հետևաբար հայաստանյան գործընկերների փորձն ու խորհուրդները գնահատել են հավուր պատշաճի։
Նշենք, որ «ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը միլիարդատեր Ջորջ Սորոսի գործակալական ցանցի գործունեության բացասական հետևանքների թեմայով Քիշնևում ելույթ է ունեցել օրեր առաջ:
Իրարանցում Սորոսի հիմնադրամում. կոչ են անում չմասնակցել «հակահեղափոխությանը»