Փաշինյանն առաջարկում է վերանայել դենդրոպարկի մուտքի գինը. լեհերի համար բացառություն կարվի՞

ՀՀ վարչապետը շրջակա միջավայրի նախարարին հանձնարարեց զարգացնել նաև Երևանի ու Իջևանի բուսաբանական այգիները, բայց «վետերոկի» չվերածել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. 200 դրամը չափազանց ցածր գին է Ստեփանավանի դենդրոպարկի նման գեղատեսիլ տարածք մուտք գործելու համար։ Այսօր դենդրոպարկում շրջայցի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա առաջարկեց վերանայել գնային քաղաքականությունը, ինչին ի պատասխան դենդրոպարկի տնօրեն Վիտալի Լեոնովիչը մտավախություն հայտնեց, թե մուտքի արժեքը բարձրացնելուց հետո շրջակա գյուղերի բնակիչները կդադարեն այգի այցելել։

«Օտարերկրյա զբոսաշրջիկների համար գինը մի քիչ թանկացնենք, ասենք` դարձնենք 500 դրամ»,– պարզաբանեց վարչապետը։

Այս առաջարկին արդեն տնօրենը դեմ չէր։

«Լեհաստանից եկողների համար բացառություն կարող ենք անել։ Հայաստանցիների ու լեհերի համար բացառություն կանենք, մյուսների համար մի քիչ կթանկանա»,– կատակով ավելացրեց վարչապետը` նկատի ունենալով տնօրեն Լեոնովիչի ազգային պատկանելությունը։

Դենվերի Բուսաբանական այգում ծաղկել է Տիտանական ամորֆոֆալուսը

2020թ-ը հայտարարում ենք օձի պորտից ջուր խմելու տարի. Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում է

Բանն այն է, որ Վիտալի Լեոնովիչը հայտնի բուսաբան Էդմոնդ Լեոնովիչի որդին է. սկզբում հայրն է ղեկավարել Ստեփանավանի դենդրոպարկը։ Ծնվելով լեհ կոմս Ստեցևիչ-Լեոնովիչի ընտանիքում ու մանկությունն ու երիտասարդությունն անցկացնելով Վրաստանում, Լեոնովիչն ավարտել է Թբիլիսիի գյուղատնտեսական ինստիտուտն ու գործուղվել Հայաստան։ 1932 թվականին հաստատվել է Ստեփանավանում և ամբողջ կյանքն աշխատել դենդրոպարկում։ Մահից հետո էլ նրան հուղարկավորել են դենդրոպարկի տարածքում։ Իսկ իր կիսատ թողած աշխատանքն առ այսօր շարունակել է որդին`պարկի ներկայիս տնօրեն Վիտալի Լեոնովիչը։

Ստեփանավանում Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել ու վերակազմակերպել նաև Երևանի ու Իջևանի բուսաբանական այգիները։

Նախարարը հայտնեց, որ այդ այգիներում տասնյակ տարիներ ոչ մի ներդրում չի արվել։ «Բնությունը շատ լավն է, բայց ոչ մի ենթակառուցվածք չկա»,– ասաց Գրիգորյանը։

Արդի հայ թատերագրությունը խոսում է լեհերեն

Դենդրոպարկի ողջ հմայքը. Ստեփանավանի կանաչ դրախտը տեսեք Sputnik Արմենիայի ֆոտոշարքում

Որպես խնդրի լուծում Փաշինյանն առաջարկեց այս այգիներում ևս ՀՀ քաղաքացիների համար մուտքավճարը պահպանել ներկա մակարդակով, բայց զբոսաշրջիկների համար թանկացնել, որպեսզի առաջացած գումարներն ուղղվեն տարածքների բարեկարգմանը։

Բուսաբանական այգիները մասնավոր կառավարման հանձնելու առաջարկը ևս Փաշինյանը չմերժեց։

«Կարելի է, ինչու չէ։ Բայց եթե շատ խիստ պայմաններ լինեն։ Եթե արդյունքում չի դառնալու «վետերոկ»»,– ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ ցանկացած ծրագրի արդյունքում դենդրոպարկերի էությունը չփոխվի։

Մի կաթիլ ջուրն ու երկնքից թափվող կրակը. Բուսաբանականի տարածքի կեսից ավելին չի ոռոգվում