Փաշինյանի հայտարարության հետքերով. ի՞նչ ճակատագիր կունենա եկամտահարկի վերադարձի ծրագիրը

Վարչապետի հայտարարությունն իրարանցում է առաջացրել հիփոթեքային վարկով բնակարան գնած և գնել պատրաստվող քաղաքացիների շրջանում։ Ի՞նչ է սպասում հիպոթեքին ուղղվող եկամտահարկին, ու ինչպես է իրականացվելու սոցիալական բնակարանաշինությունը` ճշտել ենք առաջարկի հեղինակներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik, Նելլի Դանիելյան. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հիփոթեքային վարկերի համար եկամտահարկի վերադարձի ծրագիրը կանգնեցնելու վերջին հայտարարությունը մեծ իրարանցում է առաջացրել այդ տարբերակով բնակարան գնած կամ գնել պատրաստվող քաղաքացիների շրջանում։ Ոմանք վախենում են, որ եկամտահարկի վերադարձից զրկվելու դեպքում կզրկվեն նաև բնակարանից, մյուսները վախենում են, որ առանց այդ ֆինանսական աջակցության չեն կարողանա վարկով բնակարան գնել։

Հայաստանում հիփոթեքային վարկերի թիվն աճել է. ինչն է ուրախացրել Փաշինյանին

Մտահոգող հարցերի պատասխանները ստանալու համար Sputnik Արմենիան դիմեց վարչապետի հիշատակած ծրագրի հեղինակին` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանին։

Պատգամավորը շտապեց փարատել մտահոգությունները. վարչապետը հարկի վերադարձով հիփոթեքային վարկավորումը դադարեցնելու մասին չի հայտարարել, խոսքը այդ գումարն առավել արդյունավետ օգտագործելու մասին է։ Բանն այն է, որ այսօր պետական բյուջեից փոխանցվող գումարն ուղղվում է վարկի տոկոսադրույքների մարմանը, այսինքն` այդ գումարը գնում է բացառապես բանկեր։

«Միայն 2019թ–ին վերադարձվել է 7.9 մլրդ դրամ։ Այս տարի այդ թիվը կհասնի մինչև 20 մլրդ–ի։ Բայց այդ 20 մլրդ–ը մեկ տարվա համար է, մինչդեռ հիփոթեքային վարկավորման պայմանագրերը հիմնականում 20 տարով են, հետևաբար այդ 20 միլիարդը 20 տարում կբազմապատկվի 20-ով։ Այսինքն` մենք 20 տարվա ընթացքում պետք է վճարենք 140-160 մլրդ դրամ։ Դրա համար ես առաջարկում եմ այդ գումարներն ավելի արդյունավետ օգտագործել ու այդ գումարներով նոր բնակարաններ կառուցել»,– իր առաջարկը մեկնաբանեց Գևորգյանը։

«Վերջապես կամուսնանամ». Ադրբեջանից բռնագաղթած 20 ընտանիք կսկսեն իրագործել երազանքները

Պատգամավորն առաջարկում է սոցիալական բնակարանաշինության ծրագրում բանկերին չներգրավել։ Պետությունը կկառուցի ու կվաճառի, քաղաքացին բնակարանը ձեռք կբերի պետությունից ու կվճարի պետությանը։

«Այսինքն` այդ բնակարանները կառուցվեն պետական միջոցներով։ Մարդիկ, որոնք ձեռք կբերեն դրանք, 20 տարվա ընթացքում կվճարեն ուղիղ պետությանը, և առաջացած գումարը դարձյալ կուղղվի նոր բնակարանների կառուցմանն ու ծրագրի շարունակականության ապահովմանը»,– ասաց Գևորգյանը։

Ինչ վերաբերում է եկամտահարկի վերադարձին, պատգամավորի դիտարկմամբ, ապա այն անշարժ գույքի շուկան ակտիվացնելու ժամանակավոր մեթոդ է և վաղ թե ուշ պետք է վերանա։ Բայց հիմա նման հարց իշխանությունը չի քննարկում։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը, որը մարտի 4-ին ՀՀ վարչապետին սոցիալական բնակարանաշինության մասին հարց էր ուղղել, ի տարբերություն Հայկ Գևորգյանի, առաջարկում է պետության միջոցներով կառուցված սոցիալական բնակարանները ոչ թե վաճառել, այլ ժամանակավորապես անվճար տրամադրել դրանց կարիքն ունեցող անապահով ընտանիքներին։

Սոցիալական բնակարանաշինությունը մեծ կոռուպցիոն ռիսկե՞ր է պարունակում

«10-15 տարի երիտասարդ ընտանիքներն անվճար կապրեն այդ բնակարաններում, մինչև որ ի վիճակի կլինեն հիփոթեքով բնակարան գնել կամ տուն կառուցել, որից հետո այդ բնակարանը կփոխանցեն այլ ընտանիքին։ Այսինքն` նրանք այդտեղ ապրելու են անվճար, վճարելու են միայն իրենց կոմունալ վճարները»,– ասաց Բագրատյանը։

Սոցիալական բնակարանաշինության պահանջարկը, Բագրատյանի համոզմամբ, հատկապես մեծ է մարզերում, որտեղ ավելի քան 30 տարի բնակարանաշինություն չի իրականացվել։

«Որպեսզի մենք նաև համաչափ զարգացման խնդիր լուծենք, այսինքն` երիտասարդները ստիպված չլինեն մարզերից գալ Երևան` աշխատելու, որ բնակարան ձեռք բերեն։ Եթե իրենց բնակարանի հարցը տեղում լուծվում է, իրենց ընդամենը մնալու է աշխատել ու իրենց ընտանիքի ծախսերը հոգալ»,– ասաց նա։

Անդրադառնալով հանրությանն անհանգստացրած եկամտահարկի վերադարձը վերանայելու հարցին` ԲՀԿ–ական պատգամավորը ևս շեշտեց, որ նման խնդիր այս պահին գոյություն չունի։ «Հակառակը` մենք հիմա էլ պայքարում ենք, որ այդ գործիքից օգտվողների ցանկն ընդլայնվի, ընդգրկվեն և՛ մագիստրատուրայում, և՛ ասպիրանտուրայում, և՛ հեռակա ուսուցման համակարգով սովորողները»,– ասաց նա։

Բանկի գործը ռիսկի դիմելն է. հաճախորդները վարկի տակ են, բայց էլի են դիմում վարկ ստանալու

Իսկ եթե անգամ կառավարությունն առաջիկայում որոշի հրաժարվել եկամտահարկի վերադարձման սկզբունքից, այդ որոշումը հետադարձ ուժ ունենալ չի կարող։ Հետևաբար այն քաղաքացիները, որոնք արդեն օգտվում են այդ իրավունքից, դրանից զրկվել չեն կարող։

Հիշեցնենք` մարտի 4-ին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԲՀԿ–ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի` սոցիալական բնակարանաշինության մասին հարցին, ասել էր, որ այդ հարցով կառավարությունում 4-5 քննարկում է եղել, բայց որևէ որոշում դեռ չի կայացվել։ Քննարկվող մի քանի առաջարկներից մեկն էլ պատգամավոր Հայկ Գևորգյանի առաջարկն է` պետական բնակարանաշինության մասին։

Նշենք, որ Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն՝ անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձինք հետ են ստանում իրենց վճարած եկամտահարկի գումարը:

Գործընթացը սկսվել է 2015-ի հունիսից և վերաբերում է 2014-ի նոյեմբերի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին:

Պետությունն էլ չի օգնի հարուստներին․ 2021 թ–ից ԱԱՀ արտոնությունները կկրճատվեն