Ծնողական փառքի արժանացած ընտանիքները նաև նպաստ կստանան

Մեդալի առաջադրվում է հիմնականում մայրը, թեև ԱԺ խոսնակը համոզված է, որ այդքան երեխաներ ունեցող հայրն էլ պակաս հերոս չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Ծնողական փառքի մեդալի արժանացած ընտանիքները նաև նպաստ կստանան։ Պետական պարգևների մասին օրենքում նման փոփոխություն է առաջարկում ՀՀ կառավարությունը։

Նախագիծն այսօր ԱԺ- ում ներկայացնելիս Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը հայտնեց, որ ներկա պահին Հայաստանում ծնողական փառքի մեդալի արժանացած ընտանիքները 9-ն են։

12 երեխա ունեցող Բեժանյանները միայն մեկ երազանք ունեն. տեսանյութ

«Ծնողական փառքի մեդալ ստանալու համար հիմնական երկու պայմանն են 6 և ավելի երեխաների առկայությունն ու ընտանիքի մասին համայնքում ձևավորված դրական կարծիքը։ Հաշվի է առնվում նաև, որ ընտանիքի արու զավակը, կամ զավակները ծառայել են բանակում, մասնակցել մարտական գործողություններին»,- ասաց փոխնախարարը։

Փառքի մեդալի համար ընտանիքի թեկնածությունն առաջադրում է համայնքը կամ կառավարությունը։

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ մեդալը հորն է տրվո՞ւմ, թե՞ մորը։ «Նայած ում են առաջադրում։ Հիմնականում առաջադրվում է մայրը»,- ասաց Ուդումյանը։

ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն էլ արձագանքեց. «6 և ավելի երեխաներ ունեցող հայր լինելն էլ պակաս հերոսություն չէ»։

Միքայել Մելքումյանն էլ կարծիք հայտնեց, որ 40 000 դրամն այդ ընտանիքիների համար չնչին գումար է ու առաջարկեց կրկնապատկել գումարը։ Փոխնախարարը չառարկեց, բայց և առաջարկեց այդ գումարի վերջնական հաստատումը թողնել կառավարության որոշմանը։

Երևանում կինը 12-րդ երեխային է լույս աշխարհ բերել. լուսանկարներ

Իսկ օրենքում առաջարկվում է ամրագրել միայն նպաստի իրավունքը։ Օրինագիծն այսօր ԱԺ- ում քննարկվում է առաջին ընթերցմամբ։

Նշենք, որ պաշտոնական տվյալներով ՀՀ- ում բազմազավակ ընտանիքները 140-ն են։ Դա ՀՀ բոլոր ընտանիքների միայն 0.4%-ն է կազմում։