ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի –Sputnik. Գյումրիում այսօր շտապօգնության խումբը ահազանգով մեկնել է Ղանդիլյան փողոցի բնակարաններից մեկը, որպեսզի օգնություն ցույց տա մոտ 35 տարեկան մի ծննդկանի։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ բժիշկները տեղում պարզել են, որ կինը տնային պայմաններում ծննդաբերել է։ Արական սեռի պտուղը մահացած է եղել։ Կնոջն անմիջապես տեղափոխել են Գյումրու Ավստրիական մոր և մանկան հիվանդանոց։
Բժշկական միջամտության արդյունքում կնոջ արգանդից դուրս է բերվել արական սեռի ևս մեկ պտուղ, որը նույնպես մահացած է եղել։ Հիվանդանոց են եկել իրավապահ կառույցների ներկայացուցիչներ, որոնք պարզում են տեղի ունեցած ողբերգական դեպքի մանրամասները։
Հայաստանը պատրա՞ստ է դիմագրավել կորոնավիրուսին. ինչ է արվում վտանգը կանխելու համար
Ըստ որոշ լուրերի՝ իրավապահներին դեռ չի հաջողվել զրուցել կնոջ հետ, քանի որ նա ֆիզիկապես չի կարողացել ներկայացնել կատարվածի մանրամասները։