«Ի՞նչ անեմ, կախվե՞մ». վարորդ Հրաչյա Հարությունյանին նորից են դատում. բացառիկ հարցազրույց

Ռուսաստանում դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ նոր դատական գործ է մեկնարկում։ Այս անգամ նա ստիպված է կանգնել Հայաստանի քրեական դատարանի առաջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Ռուսաստանում աղմկահարույց վթարի պատճառով ազատազրկման դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանին դարձյալ դատում են, այս անգամ` Հայաստանում։ Քրեական նոր գործի մասին տեղեկությունը հրապարակվել է դատական տեղեկատվական համակարգի datalex.am կայքում։

Սարսափելի սպանություն Էջմիածնում. 35-ամյա հորը կրակել են անչափահաս երեխաների աչքի առաջ

2013թ. հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր մահացել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Նա Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2017թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար։ Ավելի ուշ դատարանը որոշում կայացրեց պատժի կրումն ազատ ռեժիմով շարունակելու վերաբերյալ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինը ընտանիքի միակ կերակրողն է։ Իսկ 2018թ–ի նոյեմբերի 6-ին Հրաչյա Հարությունյանը համաներմամբ ազատ արձակվեց։

Հիմա էլ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ զրկված լինելով վարորդական իրավունքից` ավտոմեքենա է վարել։

Այս գործով դատական առաջին նիստը նշանակված է առաջիկա երկուշաբթի` փետրվարի 24-ին։

Sputnik Արմենիան սպասվող դատավարության ու քրեական գործի մասին զրուցել է Հրաչյա Հարությունյանի հետ։

«Իմ սեփական մեքենան որպես տաքսի եմ վարում։ Ասում են` չի կարելի։ Ես էլ ասում եմ` չի կարելի, հարց չկա, ես ընդունում եմ`չի կարելի։ Բայց որ չքշեմ, բա իմ տունն ո՞վ պահի։ Ես վատառողջ, հիվանդ տղա եմ, առողջությանս կեսը թողել եմ Ռուսաստանում, ուրիշ գործ չեմ կարողանում անել։ Չեմ կարողանում նույնիսկ բահ բռնել, ողնաշարի պրոբլեմ ունեմ, ինձ բժիշկն արգելել է 5 կգ–ից ծանր բան վերցնել։ Ես ո՛չ ինստիտուտ եմ ավարտել, ո՛չ կրթություն ունեմ։ Սաղ կյանքս վարորդ եմ եղել, էդ է իմ մասնագիտությունը։ Ուրիշ ի՞նչ անեմ, ո՞նց ընտանիքս պահեմ»,– ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` ինքը վարորդի աշխատանքին է վերադարձել ՔԿՀ–ից դուրս գալուց մի քանի ամիս հետո, երբ գիտակցել է, որ ընտանիք պահելու այլ տարբերակ չունի։

12 երեխա ունեցող Բեժանյանները միայն մեկ երազանք ունեն. տեսանյութ

Հարությունյանը պատմեց, որ տան միակ աշխատողն ինքն է։ Կինը չի կարողանում տնից դուրս գալ. 83-ամյա հիվանդ սկեսրայրին է խնամում։ Դուստրն ամուսնացել է ու իր ընտանիքով առանձին է ապրում։ Այդ իրավիճակում, նրա խոսքով, այլ բան չէր մնում, քան նորից նստել ավտոմեքենայի ղեկին, չնայած այն բանին, որ իր վարորդական իրավունքը մնացել էր Ռուսաստանում։ Այդ երկրի իրավապահներն այն առգրավել էին 2014թ–ին ու մինչ օրս չեն վերադարձրել։

«Ես ընդունում եմ`չունեմ իրավունք, բայց կարող էին ինձ ընդառաջել, մի հարցում օգնել։ Ես մի քանի տեղ դիմել եմ, որ իմ վարորդական իրավունքը որևէ կերպ վերականգնեմ, ասել են` դա անհնարին բան է»,– ասաց Հարությունյանը։

Փետրվարի 24-ին մեկնարկող դատավարությանը մասնակցելու է, թե ոչ, Հարությունյանը դեռ չի որոշել, փաստաբան էլ չունի, որ ճիշտ խորհուրդ տա։ Բայց արդեն որոշել է, թե դատարանում ինչ է ասելու, եթե ներկայանա դատին։

«Ասելու եմ, եթե այդպես է, միանգամից «կանդալները» հագցրեք, տարեք, նստեցրեք։ Իզուր էլ ազատել եք։ Ասեք` ի՞նչ անեմ, կախվեմ, պրծնե՞մ։ Հոգնել եմ արդեն էս դատերից։ Ինչքա՞ն կարելի է նույն վերքի վրա անընդհատ աղ լցնել»,– պատմեց Հարությունյանը։

Նշենք, որ ըստ դատարան ներկայացված նոր քրեական գործի նյութերի` Մոսկվա քաղաքի Տրոիցկի շրջանային դատարանի 2014 թվականի օգոստոսի 4-ին կայացրած դատավճռով Հարությունյանը 3 տարով զրկվել էր տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։ Այդ դատավճիռը 2017 թվականի օգոստոսի 18-ին ճանաչվել էր նաև Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից:

Բայց իրավապահները պարզել են, որ 2019 թվականի հունիսից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ Հրաչյա Հարությունյանը վարել է իրեն պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան։

Այս ամենը հայտնի է դարձել, երբ այդ ավտոմեքենայի հետ կապված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 17 վարչական ակտ է կայացվել։

Ի դեպ, համաներումից հետո Հարությունյանի աները` Վիկտոր Մարտիրոսյանը, Sputnik Արմենիային հայտնել էր, որ իր փեսան Հայաստանում տաքսի է վարում։