ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik, Ժաննա Պողոսյան․ Երեք միլիոնանոց բնակչություն ունեցող Հայաստանում ծրագրավորողների տոկոսը նույնքան է, որքան Եվրոպայի ամենահզոր տնտեսությունն ունեցող պետությունում՝ Գերմանիայում։ Տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհը գրավում է ֆինանսական կայունությամբ․ ՏՏ ոլորտի կրտսեր մասնագետի նվազագույն աշխատավարձը 300 հազար դրամ է այն դեպքում, երբ երկրում միջին աշխատավարձը 150 հազար դրամ է։
Հենց նորմալ գումար աշխատելու համար էլ Հայաստանի քաղաքացիները ծրագրավորող աշխատելու են գնում առանց համապատասխան կրթություն ունենալու։ Նրանք ինքնակրթությամբ են զբաղվում, ինքնուրույն յուրացնում հմտությունները, ստաժավորում անցնում ՏՏ-ընկերություններում։
Բջջային խաղեր մշակող առաջատար հայկական ընկերություններից մեկը՝ Rockbite Games-ը, երկու տարի առաջ հայտարարեց ամառային պրակտիկայի մասին։ Մոտ 300 մարդ մասնակցության հայտ էին ուղարկել։ Ընկերության համահիմնադիր Ավետիս Զաքարյանն ասում է, որ այդ միջոցառման նպատակը հետաքրքիր կադրեր գտնելն է։
«Այն ժամանակ նոր մեծ գրասենյակ էինք վերցրել։ Տեղը շատ էր, աշխատողները՝ քիչ։ Ու մենք հասկանում էինք, որ չենք կարող պատրաստի աշխատակիցներ վարձել, որոնք համապատասխան որակավորում կունենային։ Պետք էր նոր կադրերի «աճեցնել», նրանց համար դասընթացներ կազմակերպել, ինչը և արեցինք»,-ասաց Զաքարյանը։
Զորյան. «ՏՏ ոլորտի հայ մասնագետները մրցունակ են ու պահանջված»
Արդյունքում 300-ից 150–ին ընկերություն հրավիրեցին ու թեստային առաջադրանք տվեցին։ 50-ն անցան պրակտիկայի երկրորդ փուլ, ու նրանք պետք է ավելի շատ թեստային առաջադրանքներ կատարեին։ Ընկերության ղեկավարներն ընտրեցին տասը մարդու, որոնք երեք տարի ընկերությունում չվճարվող պրակտիկա էին անցնում։ Վերջում տասը պրակտիկանտից հինգին աշխատանքի վերցրին։
«Երբ պրակտիկանտների էինք հրավիրում, ուշադրություն չէինք դարձնում նրանց կրթությանը։ Համաշխարհային հսկաները, օրինակ Google-ը, հրաժարվել են համալսարանական կրթություն պահանջելու սկզբունքից»,-ասում է Rockbite Games ընկերության համահիմնադիր Գևորգ Կոպալյանը։
«Մենք տարբեր ոլորտների ու մասնագիտությունների տեր աշխատակիցներ ունենք, օրինակ ՝ տնտեսագետ, երաժիշտ։ Մեր աշխատակիցներից մեկը «Հայփոստում» է աշխատել։ Մեզ համար մարդու աշխատանքային կենսագրությունը կարևոր չէ, կարևորը, որ նա ճշգրիտ կատարի հանձնարարությունները», - ավելացրեց Զաքարյանը։
Իրենք` Զաքարյանն ու Կոպալյանը, համապատասխան կրթություն ունեն. ավարտել են Երևանի Պոլիտեխնիկի հաշվիչ տեխնիկայի ֆակուլտետը։ Սակայն տղաները խոստովանում են, որ ուսման տարիներին ստացած գիտելիքները կազմում են մասնագիտական հմտությունների 2%-ը միայն։ Հիմնական գիտելիքները պրակտիկ ճանապարհով են ստացել։
Բջջային խաղեր մշակող մեկ այլ հայկական ընկերության՝ Frismos–ի ղեկավար Արշամ Մանուկյանը նույնպես մասնագիտական կրթություն ունի․ նա ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։
«Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում պատրաստի կադրեր չեն տալիս։ ԵՊՀ-ում վատ կրթություն չէի ստացել, բայց այն ամբողջական չէր, բոլոր բացթողումները գործնականում էի լրացնում»,-նշում է Մանուկյանը։
Նրա Frismos ընկերությունը վերջերս հայտարարել է պրակտիկա անցկացնելու ծրագրի մասին։ Ավելի քան 400 ցանկացող է եղել, որոնց 30%-ը ոչ մի կապ չի ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ։
«Թեկնածուներից շատերը տնտեսագիտական կրթություն էին ստացել։ Սա սովորական պատմություն է. ասում են՝ ծնողներն իրենց կամքին հակառակ են ստիպել ընդունվել։ Մեզ համար կրթությունը կարևոր, բայց ոչ որոշիչ գործոն էր։ Շատ ավելի կարևոր է՝ ինչ հմտություններ ունի մարդը։ Հիմա ամեն մեկն էլ կարող է հեշտորեն յուրացնել ՏՏ ոլորտի հիմնական հմտությունները առցանց տարբերակով, տարատեսակ հատուկ կուրսերի ու դասընթացների ժամանակ»,-ասաց Մանուկյանը։
ՀՀ տեխնոլոգիական բուհերի ոչ բոլոր շրջանավարտներն են պատրաստ աշխատել ՏՏ ընկերություններում
400 ցանկացողներից ընտրել են 9–ին, նրանցից չորսին ընկերությունն աշխատանքի կվերցնի։ Սակայն Մանուկյանի խոսքով՝ նման պրակտիկաների համար ընկերությունը ժամանակ, ռեսուրսներ ու ֆինանսներ է ծախսում։
«Ընկերության լավագույն աշխատակիցներից մեկն է զբաղվում պրակտիկաներով, այնինչ այդ ընթացքում կարող էր նոր նախագծերի վրա աշխատել։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով հետաքրքրվողների հմտությունները պետք է «զարգացնեին» ոչ թե ՏՏ-ընկերությունները, այլ պետությունը։ Եթե կրթությունը համալսարաններում համապատասխան մակարդակի վրա լինի, ընկերությունները ստիպված չեն լինի այսքան ժամանակ ծախսել նոր կադրեր պատրաստելու վրա»,-նշում է Frismos ընկերության ղեկավարը։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ 2025թ. Հայաստանում ծրագրավորողների պահանջարկն աճելու է 3 անգամ՝ հասնելով մինչև 30 հազարի: Դա մեծապես կախված է ինովացիոն և տեխնոլոգիական ոլորտում պարբերաբար արձանագրվող աճից: Այս ոլորտը տարվա կտրվածքով 20 տոկոս աճ է արձանագրում առանց դանդաղման նշանների: Երևանը, Enterprise Times–ի վարկածով, 2018 թվականին մտել է աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կարիերայի ամենաբարձր հնարավորություններն ընձեռող քաղաքների տասնյակի մեջ։ Առաջին հորիզոնականում Սան Ֆրանցիսկոն է, երկրորդում՝ Նյու Յորքը, երրորդում՝ Օսթինը (ԱՄՆ): Հինգերորդ հորիզոնականում Սինգապուրն է, որին հաջորդում են Մելբուռնը (Ավստրալիա), Լոնդոնը, Ստոկհոլմը, Բանգալորը (Հնդկաստան): Տասնյակը եզրափակում է Տորոնտոն (Կանադա):
«ՏՏ ոլորտը զարգանում է շատ արագ, սակայն մեզ մոտ նկատվում է կադրային սով». Արամ Մխիթարյան