Սերժ Սարգսյանի գործը պետք է քննի իր նշանակած դատավորը. «Ժողովուրդ»

Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանի գործը քննող դատավորը, որին հենց Սարգսյանն է նշանակել, ինքնաբացարկ հայտնի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործը պետք է քննի դատավորը, որին հենց Սարգսյանն է նշանակել։

Հայտնի է` երբ կկայանա Սերժ Սարգսյանի գործով դատական առաջին նիստը

«Սերժ Սարգսյանի գործը նախագահող դատավոր Վահե Միսակյանն առաջիկայում կարող է ինքնաբացարկ հայտնել: Միսակյանն իր դատավորի կարիերան սկսել է 2017–ի նոյեմբերի 30-ին, իսկ դատական համակարգում առաջին քայլերն անելու և ՀՀ Շիրակի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր դառնալու հրամանագիրը ստորագրել է հենց Սերժ Սարգսյանը»,–գրում է թերթը։

Եվ չի բացառվում, որ այդ հանգամանքով էլ պայմանավորված լինի դատավոր Միսակյանի ինքնաբացարկը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Միսակյանը նշել է, որ կաշկանդվելու որևէ պատճառ չունի։

Արցախյան բանակցային գործընթացի մասին հարցը զայրացրեց Սերժ Սարգսյանին

Հիշեցնենք` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել գյուղացիներին դիզելային վառելանյութ հատկացնելիս ֆինանսական խախտումներ իրականացնելու համար։ Սարգսյանին մեղադրում են, որ 2013թ.-ին հովանավորչություն է ցուցաբերել «Ֆլեշ» ընկերության նկատմամբ։ ՍՊԸ–ն հաղթել է դիզելային վառելիք առաքելու պետական մրցույթում, թեև առավել բարձր գին է առաջարկել, քան նրա մրցակիցը (մոտավորապես մեկ միլիոն դոլար տարբերությամբ)։

Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը երկրից չհեռանալու մասին: