ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Նելլի Դանիելյան. ՀՀ կառավարությունը գործարարին Հայաստանում կանեփ ցանելու իրավունք է տվել, ոստիկանությունն էլ խոստացել է պահպանել այն, բայց հենց բերքն աճել է, եկել են առգրավել ու վառել։
Հինգշաբթի` փետրվարի 13–ին, ԱԺ–ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի այս հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել մամուլում և հանրության շրջանում։ Մինչդեռ, իրականում գործարարն իր այդ գործունեությունը չէր էլ թաքցրել։ Հայաստանում ոչ հոգեմետ կանեփի բիզնես սկսած «Արմերիկա» ՍՊԸ սեփականատեր Ռուբեն Մկրտչյանը 2019թ.-ին այդ մասին մի քանի անգամ պատմել է մամուլին, այդ թվում` Sputnik Արմենիային։ Նշենք, որ ըստ նախկինում տված հարցազրույցների, գործարարը մտադիր էր իր աճեցրած մշակաբույսից բուժիչ յուղ ու մանրաթելեր ստանալ։ Բայց բիզնես ծրագիրը մնացել է անկատար։
Գործարար Ռուբեն Մկրտչյանն առայժմ չի ցանկանում շփվել մամուլի հետ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նրա ներկայացուցիչը` խոստանալով, որ առաջիկա օրերին Մկրտչյանը հարցազրույց կտա ստեղծված իրավիճակի շուրջ։
Հետևաբար, այս պահին ստիպված ենք ընթերցողներին տեղի ունեցածը ներկայացնել բացառապես մեր ձեռքի տակ ունեցած պաշտոնական փաստաթղթերով` նամակներով ու պայմանագրերով։
Եվ այսպես. ամեն ինչ սկսվել է 2019թ.-ի մայիսից։ Մայիսի 2-ին «Արմերիկա» ընկերության սեփականատերը գրավոր դիմել էր ՀՀ այն ժամանակվա ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին` հայտնելով, որ պատրաստվում է Հայաստանում զբաղվել «Հեմփ» տեսակի մշակաբույսի աճեցմամբ ու վերամշակմամբ։ «Արդյունքում ստացվում է «Հեմփ» տեսակի մշակաբույսի յուղ, որն ունի բացառապես բժշկական օգտագործման նշանակություն»,– ասված է նամակում։
Իր ցանքատարածությունները պաշտպանելու համար գործարարը խնդրել է ոստիկանության աջակցությունը`առաջարկելով պայմանագիր կնքել։
Այն, որ ոստիկանապետը տեղեկություն չի ունեցել պայմանագրի առարկայի մասին, մեղմ ասած տարօրինակ է։ Դրա համար բավական էր համացանցում ուղղակի գրել «Հեմփ» ու տեսնել, թե ինչ բույս է դա։
Ինչևէ, ոստիկանապետը նամակը կարդացել էր, ու օրեր անց ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ԿՕ և ՀՁՊ գնդի հրամանատար Ս.Ա.Խուդոյանը «Արմերիկայի» տնօրենի հետ կնքել էին պայմանագիրը` Արարատի մարզի Լանջազատ գյուղում գտնվող 1 հա տարածքի պահպանության մասին։
Պայմանագրով ոստիկանությունը պարտավորվել էր կազմակերպել ու ապահովել տնտ. մարմնի կողմից իր պահպանությանը հանձնված օբյեկտների հուսալի պահպանությունը հափշտակություններից ու վնասումներից։
Նշենք, որ օրական 16-ժամյա պահպանության համար ընկերությունը պարտավորվել էր վճարել ամսական 1.5 մլն դրամ։
Հողամասում հրդեհի դեպքում ոստիկանները ոչ միայն պետք է այդ մասին հայտնեին հրշեջ ծառայությանը, այլև մինչև նրանց ժամանելը «ձեռնամուխ լինեին դրա մարմանը»։
Բայց կյանքը ցույց տվեց, որ ոստիկանները պահեցին–պահեցին ու հետո իրենք էլ այրեցին արդեն աճած բերքը։
Ի դեպ, ոստիկանապետից բացի գործարար Մկրտչյանը դիմել էր նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ու Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին։
Փոխվարչապետին ուղղված նամակում գործարարը գրել էր, որ «Հեմփը» «կանեփի այն տարատեսակն է, որը հնարավոր չէ օգտագործել որպես ծխելու միջոց և օգտագործվում է բացառապես յուղի արտադրության մեջ»։
Նախարարին ուղղված նամակում էլ Մկրտչյանը հայտնել էր, որ արդեն սկսում է «բույսի փորձնական ցանքսը ՀՀ տարածքում, որի հիման վրա նաև օրինական կարգով ՀՀ է ներկրել ընդհանուր արժողությամբ 170 000 ԱՄՆ դոլարի սերմեր»։
«Այս պահին արդեն սերմերը տվել են առաջին սածիլները, դրանք 2019թ–ի հուլիսի 22-ին կուղարկվեն Ոստիկանության փորձագիտական կենտրոն 1-ին եզրակացությունը ստանալու համար։ Այնուհետև ըստ բույսի աճի նմուշները կներկայացվի ՀՀ ոստիկանություն, դրանցում հոգեմետ նյութերի բացակայությունը փորձագիտական եզրակացությամբ հիմնավորելու համար»,– հայտնել էր գործարարը։
Հետաքրքրական է, որ էկոնոմիկայի նախարարությունից գործարարի նամակին ի պատասխան հայտնել էին, որ ՀՀ օրենսդրությամբ «կանեփի բոլոր տեսակները համարվում են թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսեր և ընդգրկված են դրանց շրջանառությունն արգելված մշակաբույսերի ցանկում, ուստի ձեր կողմից ներկայացված բիզնես–պլանի վերաբերյալ վերջնական դիրքորոշում չենք կարող հայտնել»։
Այդուհանդերձ, բիզնեսն արգելելու մասին նախարարությունը որևէ նախազգուշացում, առնվազն այս նամակում, գործարարին չի արել։
Ի դեպ, նշենք, որ ԱԺ–ում, թեմայի շուրջ հայտարարություն անելով, պատգամավոր Գորգիսյանը հայտնել էր, որ գործարարն արդեն մի քանի ամիս չի կարողանում կառավարությունից իր խնդրի վերաբերյալ պատասխան ստանալ ու ստիպված դիմել է իրեն։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, ասել էր, որ գործարար Ռուբեն Մկրտչյանը ՀՀ կառավարության հետ այդ գործունեության վերաբերյալ ոչ մի համաձայնություն չի ունեցել և չէր էլ կարող ունենալ, քանի որ ՀՀ օրենսդրությամբ կանեփի բոլոր տեսակները մեր երկրում արգելված են։
Իսկ թե ինչպես է գործարարին հաջողվել առանց թույլտվության 170 000 դոլարի կանեփի սերմ բերել Հայաստան, հարցը մնում է առկախ։
Կինը կալանավոր ամուսնուն ադրբեջանական թեյի տուփով մարիխուանա է տարել. լուսանկար
Ինչ վերաբերում է կանեփի դաշտը հսկելու մասին ոստիկանության հետ կնքված պայմանագրին, Տիգրան Ավինյանի պատասխանը լակոնիկ էր. «Ոստիկանության ղեկավարն արդեն փոխվել է»։
Հետաքրքական է, որ ՀՀ փոխվարչապետը չէր բացառել, որ Հայաստանում առաջիկայում կարտոնվի տեխնիկական կանեփի մշակումը։ Նրա խոսքով` էկոնոմիկայի նախարարությունում այս հարցն այժմ քննարկվում է։