«Կինոկենտրոնը նման էր մութ թունելի, իրականացվում էին անհասկանալի նախագծեր». Շահբազյան

Կինոռեժիսոր Արամ Շահբազյանը Sputnik Արմենիայի «Հակահարված» հաղորդման ընթացքում խոսել է կինոասպարեզում առկա իրավիճակի, աշխատանքային պայմանների և «Կինոյի մասին» օրենքի մասին։
Sputnik

Արամ Շահբազյանը շեշտում է, որ «թավշյա հեղափոխությունից» մի փոքր առաջ կնիոաշխարհում և կինոարտադրության բնագավառում սկսվել էր կինոհեղափոխությունը, որովհետև ոլորտի մասնագետները հասկանում էին, որ հին մեթոդներով այլևս անհնար էր իրականացնել կինոարտադրությունը։

Որն էր ընթացիկ տարում մշակույթի ոլորտի ամենակարևոր ձեռքբերումը. փոխնախարարի տեսակետը

«Տարբեր առաջարկներ էին հնչում «Կինոյի մասին» օրենքի կապակցությամբ, և սայլը սկսել էր տեղից շարժվել։ «Թավշա հեղափոխությունից» հետո շարժն արագացավ։ Կինոկենտրոնը նախկինում նման էր մի մութ թունելի, որտեղ իրականացվում էին անհասկանալի նախագծեր, և հայտնի չէր, թե ովքեր էին ներգրավվում արտադրության գործընթացում կամ ինչպես էին նախագծերն իրականացվում։ Իսկ երիտասարդներից ոմանք առհասարակ խաչ էին քաշել Կինոկենտրոնի վրա և գտնում էին, որ անհույս է այնտեղ գնալը»,– նշում է կինոռեժիսորը։

Արամ Շահբազյանի համոզմամբ` քանի դեռ «Կինոյի մասին» օրենքը չի ընդունվել և չի ձևավորվել դրանից բխող համակարգը, լիարժեք առաջընթաց չի լինի։ Այս պահին կա «Կինոյի մասին» օրենքի երեք տարբերակ, և այդ հանգամանքի վրա պետությունը լուրջ ուշադրություն է դարձնում, որովհետև դրանից են բխելու հետագա կանոնակարգերն ու խաղի կանոնները։ Պարզապես, ըստ Շահբազյանի, պետք է ընտրվի ոսկե միջինը։

Արամ Շահբազյանի փոխանցմամբ` կինոմատոգրաֆիստները հիմա գնում են անկախ կինոարտադրողի ճանապարհով։ Ընդ որում` ամեն ինչ արվում է, որպեսզի մեզ մոտ անկախ պրոդյուսերական ինստիտուտը գնալով զարգանա և խթանվի սեփական արտադրությունը։