Մարգարովից մինչև Խաշմանյան. Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչները

Հայաստանի ազգային հավաքականը գոյության 28 տարվա ընթացքում գլխավորել է 19 մասնագետ։ Sputnik Արմենիան ներկայացնում է, թե նրանցից յուրաքանչյուրն ինչ արդյունքի է հասել այդ պաշտոնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի –Sputnik, Մանվել Մարգարյան. Հայաստանի հավաքականի առաջին գլխավոր մարզիչը Էդուարդ Մարգարովն էր, որը ստանձնեց այդ պաշտոնը 1992թ.–ին։ Նրա ղեկավարությամբ հավաքականն անցկացրեց 6 հանդիպում, հաղթեց խաղերից մեկում, երկուսն ավարտեց խաղաղ արդյունքով և կրեց երեք պարտություն։ Գնդակների տարբերությունը կազմեց 1-5, հաղթանակի գործակիցը`16.7%։ Մարգարովը պաշտոնավարեց մինչև 1994թ.–ի ավարտը։

Վարդան Մինասյանը 2019 թ–ի լավագույն մարզիչ ճանաչվեց. ովքե՞ր են եռյակում

1995թ.–ից ազգային թիմի գլխավոր մարզիչ նշանակվեց Սամվել Դարբինյանը և պաշտոնավարեց ընդամենը մեկ տարի` մինչև 1996թ.–ը։ Դարբինյանի գլխավորությամբ մեր ընտրանին անցկացրեց ինը խաղ, հաղթեց միայն մեկ խաղում, մեկն ավարտեց խաղաղ արդյունքով և կրեց յոթ պարտություն։ Գնդակների տարբերությունը` 5-21, հաղթանակի գործակիցը` 11.1%։

Մի ձեռքով երկու ձմերուկ չես բռնի, կամ ի՞նչ պետք է չլինի հայկական ֆուտբոլում

1996թ.–ից Հայաստանի հավաքականը գլխավորեց ևս մեկ անվանի ֆուտբոլիստ` Խորեն Հովհաննիսյանը։ Նրան էր վերապահված ընտրանուն նախապատրաստել աշխարհի առաջնության` մեզ համար անդրանիկ ընտրական մրցաշարին, որտեղ թիմը գրանցեց առայժմ ամենաբարձր ցուցանիշը` ընտրական ենթախմբում վեց թիմերի մեջ զբաղեցնելով 4-րդ տեղը։ Հովհաննիսյանը պաշտոնավարեց մինչ 1997թ.–ի ավարտը։ Նրա օրոք ազգային թիմն անցկացրեց 16 խաղ, հաղթեց երկուսում, հինգն ավարտեց ոչ–ոքի արդյունքով և կրեց ինը պարտություն։ Գնդակների հարաբերակցությունը` 10-41, հաղթանակի գործակիցը` 12.5%։

Խորեն Հովհաննիսյանին ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում 1998թ.–ին փոխարինեց Սուրեն Բարսեղյանը և նախորդ երկու գործընկերների պես պաշտոնավարեց մեկ տարի` մինչև 1999թ.–ի ավարտը։ Նրա գլխավորությամբ մեր ընտրանին անցկացրեց 14 խաղ, հաղթեց չորսում, երկուսն ավարտեց խաղաղ արդյունքով և կրեց ութ պարտություն։ Գնդակների տարբերությունը` 11-19, հաղթանակի գործակիցը` 28.6%։ 

«Արարատի» լեգենդ Էդուարդ Մարգարովը կարող է փրկել հայկական ֆուտբոլը

Հավաքականի հաջորդ գլխավոր մարզիչը Վարուժան Սուքիասյանն էր, որը պաշտոնավարեց 2000-2001թթ.–ին։ Նրա գլխավորությամբ մեր ընտրանին անցկացրեց 17 մրցախաղ, տոնեց երեք հաղթանակ, յոթն ավարտեց խաղաղ արդյունքով և կրեց յոթ պարտություն։ Գնդակների տարբերությունը` 17-27, հաղթանակի գործակիցը` 17.6%։ Նրա պաշտոնավարումը մթագնեց Հունաստանի ընտրանու հետ սկանդալային խաղը, երբ աղմակահարույց ասուլիսում քննարկվեց մրցախաղը վաճառելու հետ կապված հարցը։

Սուքիասյանի երկրորդ պաշտոնավարումն ընդգրկեց 2015-2016թթ–ը, երբ թիմը նրա գլխավորությամբ անցկացրեց յոթ մրցախաղ, տոնեց երկու հաղթանակ, մեկ խաղ ավարտեց ոչ–ոքի արդյունքով և կրեց չորս պարտություն։ Գնդակների հարաբերակցությունը` 12-12, հաղթանակի գործակիցը` 20%։ Նրա օրոք Հայաստանի հավաքականը տոնեց իր տարեգրության մեջ առայժմ ամենախոշոր հաշվով հաղթանակը` Լոս Անջելեսում առավելության հասնելով Գվատեմալայի ընտրանու նկատմամբ (7։1)։

Ովքե՞ր են ղեկավարել Հայաստանի հավաքականը. «Բաքվեցի Պելեից» մինչև Արթուր Պետրոսյան

Հավաքականում հետաքրքիր հետագիծ թողեց հատկապես Անդրանիկ Ադամյանը, որը գլխավոր մարզչի պաշտոնակատարի դերում 2002 և 2003թթ.–ին անցկացրեց ընդամենը մեկական հանդիպում, որոնցում գրանցվեց մեկ հաղթանակ և մեկ պարտություն։

Մեր ազգային թիմի առաջին օտարազգի գլխավոր մարզիչն արգենտինացի մասնագետ Օսկար Լոպեսն էր, որը պաշտոնավարեց 2002թ.–ին, թիմի հետ ացկացրեց երկու հանդիպում, որոնցում գրանցվեց մեկ ոչ–ոքի և մեկ պարտություն։ Լոպեսը պաշտոնաթող եղավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ ունեցած սուր տարաձայնությունների պատճառով։

Մարզիչների փոփոխությունը հայկական ֆուտբոլում. ով ուր տեղափոխվեց 1 մրցաշրջանի ընթացքում

Օտարազգի երկրորդ մարզիչը ռումինացի Միխայ Ստոյկիցան էր, որը հավաքականը գլխավորեց 2003-2004թթ.–ին։ Նա նույնպես լուրջ հաջողությունների չհասավ։ Ստոյկիցայի գլխավորությամբ մեր ընտրանին անցկացրեց 10 հանդիպում, տոնեց 4 հաղթանակ, մեկ խաղ ավարտեց ոչ–ոքի արդյունքով և կրեց 5 պարտություն։ Գնդակների տարբերությունը` 11-17, հաղթանակի գործակիցը` 40%։

2004-2005 թթ–ին Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչն էր ֆրանսիացի Բեռնար Կազոնին, որի գլխավորությամբ մեր ընտրանին անցկացրեց ութ մրցախաղ, տարավ ընդամենը մեկ հաղթանակ, մեկ հանդիպում ավարտեց խաղաղ արդյունքով և կրեց վեց պարտություն։ Գնդակների հարաբերակցությունը` 5-18, հաղթանակի գործակիցը` 12.5%։

2005-2006 թթ–ին մեր ընտրանին գլխավորեց հոլանդացի մասնագետ Հենկ Վիսմանը։ Նրա գլխավորությամբ Հայաստանի հավաքականն անցկացրեց 8 մրցախաղ, տոնեց 1 հաղթանակ, 1 խաղ ավարտեց խաղաղ արդյունքով և կրեց 6 պարտություն, գնդակների հարաբերակցությունը` 5-14, հաղթանակի գործակիցը` 12.5%։

Այնուհետև Հայաստանի ազգային թիմի ղեկին հայտնվեց շոտլանդացի Յան Պորտերֆիլդը, որն աչքի ընկավ հոգեբանական ուժեղ հատկանիշներով և մարզչական ուրույն մեթոդաբանությամբ, սակայն հիվանդության սրացման պատճառով ավարտեց մարզչական կարիերան։ Մահացել է 2007 թ.–ին։ Նրա պաշտոնավարման ընթացքում 2006-2007թթ. Հայաստանի հավաքականն անցկացրեց 10 հանդիպում, տոնեց երկու հաղթանակ, չորս խաղ ավարտեց ոչ–ոքի արդյունքով և կրեց չորս պարտություն։ Գնդակների հարաբերակցությունը` 5-9, հաղթանակի գործակիցը` 20%։

Յան Պորտերֆիլդի դերը հայկական ֆուտբոլում. ինչպես նրան հաջողվեց հավատ ներշնչել մարզիկներին

2007թ.–ին մեր ընտրանուն կարճ ժամանակամիջոցում մարզեցին Վարդան Մինասյանն ու անգլիացի Թոմ Ջոնսը։ Այդ ընթացքում մեր թիմն անցկացրած վեց խաղերից հաղթեց միայն մեկում, մեկն ավարտեց խաղաղ արդյունքով և պարտվեց չորսում։ Գնդակների հարաբերակցությունը` 2-8, հաղթանակի գործակիցը` 16.6%։

2008-2009թթ.–ին հավաքականի գլխավոր մարզիչը դանիացի Յան Պոուլսենն էր։ Նա թիմի հետ անցկացրեց 12 հանդիպում, որոնցում հավաքականը տոնեց երեք հաղթանակ, կրեց հինգ պարտություն, չորսում գրանցվեց ոչ–ոքի արդյունք։ Գնդակների հարաբերակցությունը` 9-19, հաղթանակի գործակիցը` 25%։ 

Վարուժան Սուքիասյանը հեռացավ

Հայաստանի ազգային թիմի ամենաերկարակյաց մարզիչն առայժմ Վարդան Մինասյանն է։ Նրա երկրորդ փորձն ավելի հաջող ստացվեց։ Մինասյանը պաշտոնավարեց 2009-14թթ.–ին, իսկ հետո նաև 2018թ.–ին։ Նշված ժամանակահատվածում հավաքականը նրա գլխավորությամբ անցկացրեց 42 հանդիպում, որոնցում տոնեց 15 հաղթանակ, վեցն ավարտեց խաղաղ արդյունքով և կրեց 21 պարտություն։ Գնդակների հարաբերակցությունը` 59-60, հաղթանակի գործակիցը` համապատասխանաբար` 36.8% և 30%։ Վարդան Մինասյանին հաջողվել է ապահովել հավաքականի առայժմ ամենաբարձր ցուցանիշը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարերում։ Նրա գլխավորությամբ` հավաքականը 2012թ.–ին վեց թիմերից բաղկացած ենթախմբում գրավել է երրորդ տեղը։

2014-15թթ.–ին մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ նշանակվեց շվեյցարացի Բեռնար Շալանդը։ Նրա գլխավորությամբ թիմն անցկացրեց ութ մրցախաղ, որոնցում տարավ ընդամենը մեկ հաղթանակ, մեկ հանդիպում ավարտեց խաղաղ արդյունքով և կրեց վեց պարտություն։ Գնդակների հարաբերակցությունը` 9-20, հաղթանակի գործակիցը` 0.44%։

Աբրահամ Խաշմանյանն էլ լքեց հավաքականի մարզչի պաշտոնը

2015թ.–ից հավաքականի համար, կարելի է ասել, սկսվեց նոր ժամանակաշրջան, որովհետև թիմի ղեկը ստանձնեցին նախկին երկու խաղացողները։ Նախ 2015թ.–ին թիմը Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ անցկացրեց հինգ հանդիպում, որոնցում չտոնեց և ոչ մի հաղթանակ, մեկ հանդիպում ավարտեց խաղաղ արդյունքով և կրեց չորս պարտություն, գնդակների տարբերությունը` 2-12, հաղթանակի գործակիցը` 0.20%, իսկ նրա երբեմնի թիմակից Արթուր Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին (2016–18թթ.) հավաքականն անցկացրեց 12 խաղ, որոնցում տոնեց հինգ հաղթանակ, երկու անգամ գրանցեց ոչ–ոքի արդյունք և կրեց հինգ պարտություն։ Գնդակների հարաբերակցությունը` 21-22, հաղթանակի գործակիցը` 80%։ 

Հայաստանի ազգային հավաքականը զրկվեց Եվրո 2020-ի մասնակցությունից

Հայաստանի հավաքականի նախավերջին գլխավոր մարզիչն Արմեն Գյուլբուդաղյանցն էր, որը պաշտոնավարեց 2018-2019թթ.–ին։ Նրա գլխավորությամբ թիմն անցկացրեց ինը խաղ, տարավ չորս հաղթանակ, մեկ հանդիպում ավարտեց խաղաղ արդյունքով, կրեց չորս պարտություն, գնդակների հարաբերակցությունը` 20-14, հաղթանակի գործակիցը`44.4%։ Գյուլբուդաղյանցին հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց Աբրահամ Խաշմանյանը, որն ընտրանու հետ անցկացրեց ընդամենը 2 հանդիպում, երկուսում էլ հավաքականը պարտություն կրեց և դրանցից մեկում գրանցվեց ազգային թիմի պատմության մեջ ամենախոշոր հաշվով պարտությունը։ Հայաստանի հավաքականը Պալերմոյում 1-9 հաշվով զիջեց Իտալիայի հավաքականին։

Մարգարովից մինչև Խաշմանյան. Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչները