Իրան-Հայաստան գազատարը կարող է նավթ մատակարարել Մեղրիի նավթավերամշակող գործարանին

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը կարծում է, որ Հայաստանի տարածքում նավթավերամշակման գործարանի կառուցումը հետաքրքիր նախագիծ է, սակայն տարածաշրջանային «մթնոլորտը» տրամադրոց չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik, Դավիթ Գալստյան. ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը Sputnik Արմենիային  տված հարցազրույցում  նշեց, որ Մեղրիի նավթավերամշակող գործարանի համար նավթ կարող է ստացվել նաև Իրան–Հայաստան գազատարի միջոցով։

Ի՞նչ փուլում է Հայաստան– Իրան գազատարի ճակատագիրը. պատասխանում է վարչապետը

«Դա շատ հետաքրքիր ծրագիր է, որն իր մեջ պարունակում է երկու սցենար։ Մեկը նոր նավթատարի կառուցում, մյուսը, ինչքան էլ զարմանալի է, նույն գազատարի օգտագործումը։ Պարզվում է` այդպիսի փորձ կա և այն փայլուն գործում է», – ասաց Քոչարյանը` մեկնաբանելով Հայաստանի գործարանում իրանական նավթի վերամշակման  և նրա հետագա արտահանման հնարավորությունը։

Այսինքն` նույն գազատարն օգտագործվում է և՛ գազ, և՛ նավթ մղելու համար։ Հատուկ մխոց է օգտագործվում, որը նավթից հետո մաքրում է խողովակը, որից հետո կրկին գազ են բաց թողնում։

Մասնագետները պնդում են, որ սա լիովին հնարավոր է։

Հայ-իրանական «գազային» դաշինք. աշխարհաքաղաքական շրջափակումից դուրս գալու հնարավորությո՞ւն

«Համենայնդեպս դա հնարավոր է փոխադարձ շահագրգռվածության դեպքում։ Ուղղակի կարծում եմ, որ նմանատիպ ծրագրերի անդրադառնալը ավելի իրատեսական է... պետք է հասկանալ, թե ուր է տանում ԱՄՆ–Իրան լարվածությունը։ Օրինակ` մի հատ բարձրավոլտ պետք է կառուցենք, քանի տարի է դոփում է տեղում և ուշանում։ Հույս ունենք, որ հիմա կլինի», – նշեց Քոչարյանը։

Նրա խոսքով`  նավթավերամշակման գործարանի  կառուցման նման ցանկացած նախագիծ, ենթադրում է այլ մթնոլորտ, որտեղ Իրանը իր վրա կվերցնի պարտավորություններ և կկարողանա դրանք կատարել։

Իրանից Հայաստան ներմուծվող գազի ծավալը կավելանա

Հիշեցնենք, որ հայ–իրանական սահմանին նավթավերամշակման գործարանի  կառուցման հարցը քննարկվում է 2000–ականների վերջից։ Սակայն  բանակցություններից և երկու կողմի պաշտոնյաների հայտարարություններից այն կողմ սայլը տեղից չի շարժվել։

Ինչ վերաբերում է «Իրան–Հայաստան» էլեկտրահաղորդման երրորդ  գծին, ապա շինարարության վերջնաժամկետը տեղափոխվել է մինչև 2020 թվականի վերջ։