ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը Արմենիայի հետ զրույցում վկայակոչեց ԵԱՏՄ գործընկերների գնահատականը, ըստ որի ՝ Հայաստանի նախագահությունը եղել է չափազանց արդյունավետ: Ըստ նրա՝ կարևոր քայլեր են արվել առաջնահերթությունների ուղղությամբ, որոնք վերաբերում են ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորմանը և էներգակիրների հարցին, քանի որ, ըստ համաձայնագրի, 2025թ-ից բոլոր սուբյեկտները կգործեն հավասար պայմաններում:
«Կարևոր են հարցերը, որոնք կապված են ընդհանուր առմամբ կարգավորումների հետ, որպեսզի անդամ պետությունների կարգավորումները չհակասեն այն նպատակներին, որոնք դրված են ԵԱՏՄ-ի առջև մայր պայմանագրով»,- ասաց փոխնախարարը:
Պետք է ակտիվացնել ԵԱՏՄ ընդհանուր էներգաշուկա ստեղծելուն ուղղված ջանքերը․ Փաշինյան
Քոչարյանի դիտարկմամբ՝ շատ կարևոր ուղղություն է անդամ պետությունների միավորումների հետ ազատ առևտրի տնտեսական գոտիների ստեղծումը, և այդ ուղղությամբ Հայաստանն իր նախագահության շրջանում ցուցաբերել է առավելագույն ակտիվություն և արդյունավետություն: Բոլոր պետությունները շահագրգիռ են, որովհետև ապրանքաշրջանառության բարձրացման պարագայում այդտեղից գոյացած գումարները գնում են ընդհանուր բյուջե, որտեղից էլ բաշխվում են պետությունների միջև:
Փոխնախարարի հավաստմամբ՝ ԵԱՏՄ-ին անդամագրվելուց հետո Հայաստանի արտաքին առևտուրն անընդհատ աճ է գրանցել: Մեր ապրանքներն առանց մաքսային վճարումների ազատ շրջանառվում են այդ շուկայում, ինչը հրապուրիչ է նաև երրորդ երկրների համար, որոնք փորձում են համաձայնագրերով առանձին ապրանքատեսակների համար ստանալ նման արտոնություններ կամ ավելի ցածր մաքսատուրքեր:
ԵԱՏՄ–ն ջնջում է սահմանները. տեսանյութ
Հայաստանի նախագահության շրջանում համաձայնագրեր կնքվեցին Չինաստանի, Սերբիայի հետ, իսկ Երևանում կայացած ԵԱՏՄ համաժողովի ժամանակ անդամ երկրների ղեկավարների ընդլայնված նիստին մասնակցեցին նաև Իրանի, Մոլդովայի նախագահներն ու Սինգապուրի վարչապետը:
Քոչարյանը անդրադարձել է նաև վերջերս բավականին մեծ աղմուկ հանած ԵԱՏՄ–ում որոշումների վրա վետո դնելու սահմանափակմանը։
Ըստ փոխնախարարի` այդ սահամանփակումը առաջարկվում է կիրառել բացառապես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակում ընդունած որոշումներում, այն էլ` հակադեմպինգային քաղաքականության դեպքում։
Այդ դեպքում պետություններին առաջարկվում է վետո չկիրառել։
Շատերը, նրա խոսքով, սա դիտարկում են որպես նախադեպ։ Բայց կառույցի հիմքում դրված է կոնսենսուսային որոշումը։
«Եթե առարկություն կա, ցանկացած պետություն ավելի բարձր մակարդակում կարող է կասեցնել այդ որոշումը», – ասաց Քոչարյանը։
ԵԱՏՄ–ն ու Վիետնամն ազատ առևտուր կանեն. կգնենք հագուստ, կվաճառենք խմիչք
Հարցին`արդյո՞ք այս ամենը չի սահմանափակում Հայաստանի ինքնիշխանությունը, Քոչարյանը պատասխանեց`ոչ։
«Դա բացառվում է, որովհետև այդ հանգամանքին շատ ուշադիր են բոլոր անդամ պետությունները», – շեշտեց Քոչարյանը։
Համենայնդեպս, նույնիսկ այս հարցում անդամ պետությունները ժամանակ են պահանջել հավելյալ ուսումնասիրությունների համար։