ԱԺ նախկին պատգամավորի որդին կալանավորվեց

Առաքել Մովսիսյանի որդուն մեղադրանք է առաջադրվել ծառայակիցների մեկի մահվան գործով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի («Շմայս») որդին` Դավիթ Մովսիսյանը, կալանավորվել է։

«Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դ. Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,– Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։

Դավիթ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Հիշեցնենք` ՊԲ զինծառայող, 20-ամյա Վահրամ Ավագյանը մահացել էր հունվարի 30-ին, ժամը 13:15-ի սահմանում, զորամասում  հրազենային վնասվածքից։

«Որդուս մարմնի վրա 2 կրակոցի հետք կար». հարազատները պատմում են մահացած զինվորի մասին

Ավագյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել էին Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը և Սպարտակ Արթուրի Ավետիսյանը։

«Շատ խելոք, դաստիարակված երեխա էր». համագյուղացիները պատմել են մահացած զինծառայողի մասին