«Եղել են բազմաթիվ անձինք, սպայական կազմ, զինվորներ». նոր մանրամասներ զինվորի մահվան դեպքից

Sputnik Արմենիայի թղթակցին մանրամասներ են հայտնի դարձել հունվարի 30-ին Արցախում հրազենային վիրավորումից մահացած Վահրամ Ավագյանի մահվան դեպքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Արցախում մահացած Վահրամ Մկրտիչի Ավագյանի գործով ձերբակալված Դավիթ Առաքելի Մովսիսյանի («Շմայսի» որդու) պաշտպաններից Գոռ Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում չհերքեց, որ իր պաշտպանյալը գտնվել է վայրում, որտեղ տեղի է ունեցել դեպքը։ Ըստ նրա` Դավիթ Մովսիսյանից բացի շատ այլ զինվորներ էլ են եղել։

«Շատ խելոք, դաստիարակված երեխա էր». համագյուղացիները պատմել են մահացած զինծառայողի մասին

«Թվաքանակի մասին չեմ կարող այս պահին բարձրաձայնել, բայց, բացի մահացած զինվորից ու Դավիթ Մովսիսյանից այդտեղ են գտնվել բազմաթիվ այլ անձինք, սպայական կազմ, զինվորներ, այլ զորամասից զինվորներ»,- ասաց նա։

«Մենք հավատում ենք Ձեզ». ինչ են պայմանավորվել Տոնոյանն ու մահացած զինվորի հարազատները

Պաշտպանը նշեց, որ դեպքը տեղի է ունեցել բաց տարածությունում և վստահեցրեց, որ կարճ ժամանակ անց հանրությունը կիմանա այն ամենը, ինչը տեղի է ունեցել իրականում և ինչը թույլատրվում է օրենքով սահմանված կարգով։

«Սա այն դեպքը չի, որի հետ կապված հանրությունը մտավախություն կունենա, որ բացահայտման առումով կարող է խնդիր առաջանալ։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ կարճ ժամանակ անց դեպքը իր բոլոր հանգամանքներով, իր մանրամասներով կդառնա հանրության սեփականությունը»,- հավաստիացրեց Գրիգորյանը։

Առաքել Մովսիսյանի որդին ձերբակալվել է զինծառայողի մահվան գործով

Նա նշեց, որ արդեն հասցրել է մի քանի անգամ տեսակցել իր պաշտպանյալի հետ, սակայն թե ինչ են զրուցել` հրաժարվեց մանրամասնել` նախաքննական գաղտնիքից ելնելով։ Միայն նշեց, որ և իր պաշտպանյալը և մահացած զինծառայողը նույն տարածաշրջանից էին և գրեթե միաժամանակ էին զորակոչվել։

«Երկուսն էլ, եթե չեմ սխալվում, մոտ 6 ամսվա ծառայողներ էին»,-եզրափակեց փաստաբանը։

Հայտնել էինք, որ այսօր առավոտյան զինվորի հարազատները նրա դագաղը տեղափոխում էին Երևան` ի նշան բողոքի։ Նրանք պահանջում էին, որ արդար դատավարություն անցկացվի և դեպքի բոլոր մեղավորները պատժվեն։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ առանձնազրույցից հետո նրանք որոշեցին հետ վերադառնալ գյուղ։

Դավիթ Տոնոյանն ու Արտակ Դավթյանը մասնակցել են մահացած զինծառայողի հուղարկավորությանը

Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության` Վահրամ Ավագյանի մահվան գործով ձերբակալվել են նրա 3 համածառայակիցները` Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:

Ավելի ուշ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարությունից հաստատեցին, որ Դավիթ Առաքելի Մովսիսյանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է, որը հանրության շրջանում առավել հայտնի է «Շմայս» մականունով։

2000 թ-ին ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը մահացել էր հունվարի 30-ին, ժամը 13:15-ի սահմանում` իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից արձակած կրակոցներից ստացած հրազենային վիրավորումից։