Նրանք գիտեին, որ իրենց շատ են սիրում. Բրայանտի այրին խոսել է ամուսնու և դստեր մահվան մասին

Վանեսա Բրայանտն հայտնի բասկետբոլիստի հետ ամուսնացել է 18 տարեկանում։ Զույգը չորս դուստր ուներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտի այրին առաջին անգամ հրապարավ խոսել է ամուսնու և դստեր մահվան մասին։

Հունվարի 26–ին Քոբին, նրա դուստր Ջիանան ու ևս յոթ ուղևոր մահացել էին Կալիֆոռնիայում մասնավոր ուղղաթիռի կործանման հետևանքով։

Քոբի Բրայանտի կործանված ուղղաթիռի օդաչուն հայ էր. լուսանկար

Վանեսա Բրայանտը Քոբիի հետ ամուսնացել է 18 տարեկանում, նրանք չորս երեխա ունեին` 17–ամյա Նատալյան, 13–ամյա Ջիանան, 3–ամյա Բյանկան ու նախորդ տարվա հունիսին ծնված Կապրին։ Քոբիի այրին ընտանեկան լուսանկար է հրապարակել Instagram–ի իր էջում ու շնորհակալություն հայտնել «այս սարսափելի օրերին» ցուցաբերած աջակցության համար։

«Շնորհակալություն ձեր աղոթքների համար, դրանք մեզ շատ են պետք։ Մենք լրիվ կոտրվել ենք Քոբիի ու Ջիանայի մահից հետո։ Խոսքերը բավարար չեն մեր ցավն արտահայտելու համար։ Միակ բանը, որը գոնե մի փոքր սփոփում է, այն է, որ Քոբին ու Ջիջին գիտեին, որ իրենց շատ են սիրում», – գրել է 37–ամյա Վանեսա Բրայանտը։

Նա ավելացրել է, որ չի պատկերացնում իր կյանքն առանց ամուսնու ու դստեր, բայց հենց հանուն նրանց իրենց ընտանիքը պետք է ուժեղ լինի և շարունակի ապրել։

«Մենք քեզ կկարոտենք». Մխիթարյանը գրառում է արել Քոբի Բրայանտի մահվան կապակցությամբ

«Քոբին ու Ջիջին լուսավորում են մեր ճանապարհը, ու հենց դրա շնորհիվ մենք կարողանում ենք ամեն օր արթնանալ ու շարունակել ապրել։ Ուզում եմ միայն գրկել նրանց, համբուրել և օրհնել», – գրել է Վանեսան։

Նա նաև խնդրանքով դիմել է երկրպագուներին։ Առաջինը` հարգել իրենց անձնական կյանքն ու չներխուժել անձնական տարածք, երկրորդ` ցանկության դեպքում գումար փոխանցել MambaOnThree հիմնադրամի հաշվին` այն ընտանիքների համար, որոնք մտերիմների են կորցրել այդ վթարի ժամանակ։

Նշենք, որ կործանված ուղղաթիռի մեջ եղել են 9 մարդ, որից երեքը՝ անչափահաս։ Նրանք են Քոբի Բրայանտը, նրա 13-ամյա դուստր Ջիանա Բրայանտը, բասկետբոլային մարզիչ Ջոն Ալբոտելին, նրա կինը՝ Քերին, դուստրը՝ Ալիսան, բասկետբոլային մարզիչ Քրիստինա Մաուզերը, Սառա Չեսթերը և նրա դուստրը՝ Փայթոնը, օդաչու Արա Զոբայանը։

«Նա հիանալի անձնավորություն էր»․ Քարդաշյանի քույրը խոսել է օդաչու Արա Զոբայանի մասին

Ուղղաթիռը մեկնում էր Թաուզանդ Օքս քաղաքի «Մամբա» մարզական ակադեմիա, որտեղ պետք է տեղի ունենար բասկետբոլային խաղը։

Քոբի Բրայանտը «Լոս Անջելես Լեյքերսի» կազմում հինգ անգամ դարձել է NBA չեմպիոն։ Նա չորրորդ տեղն է զբաղեցրել NBA պատմության մեջ ամենաարդյունավետ խաղացողների ցուցակում։ 2018թ-ին «Թանկարժեք բասկետբոլ» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար արժանացել է «Օսկար» մրցանակի։