ՀՀ կառավարության հանդեպ անվստահությունը ձևավորվել է տարիներ շարունակ և այսօր էլ չի փոխվել: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Հանրային կառավարման հարցերի փորձագետ Հովհաննես Ավետիսյանը։ Նրա խոսքով` մարդիկ կարծել են, որ Նիկոլ Փաշինյանին ձայն տալու դեպքում նա կգա և կլուծի բոլոր խնդիրները: Ըստ այդմ՝ սկզբում վստահություն է եղել կոնկրետ վարչապետի նկատմամբ, սակայն նա համակարգային լուրջ բարեփոխումների չի գնում:
«Հետևաբար երբ մարդիկ բողոքում են, նրանք ասում են. «Պարոն Փաշինյա՛ն, մեր ձայնը տվել ենք քեզ, ուստի միայն քեզնից ունենք պահանջելիք»: Եթե իշխանությունը եկել է և նախորդից ժառանգել որոշակի քաղաքականություն, եթե հեղափոխությամբ իշխանություն է փոխվել, սակայն վարվող քաղաքականությունը չի գնում հեղափոխական ճանապարհով, առաջանում են բազմաթիվ հարցեր»,- նշեց փորձագետը:
Ավետիսյանը կարծում է, որ մարդիկ շարունակելու են դժգոհել, և կառավարության վարած քաղաքականության նկատմամբ այդ դժգոհությունը մեծանալու է, որովհետև խաթարվել է հասարակության և գործադիր իշխանության անմիջական կապը, իսկ վարչապետի աշխատակազմում հաճախ նույնիսկ պատկերացում չունեն, թե ինչ է կատարվում առանձին ոլորտներում:
Նշենք, որ «Պետական կառավարման համակարգերի մարմինների մասին» օրենքում կատարված փոփոխություններից հետո ՀՀ քաղաքացիները կարող են դատական կարգով բողոքարկել տարբեր մարմինների կամ նրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերը, որոնք ենթարկվում են վարչապետին կամ կառավարությանը, ինչպես նաև մարզպետարաններին և մարզպետներին՝ նրանց ոչ պատշաճ գործունեության կամ լիակատար անգործության համար՝ առանց վարչապետի կամ կառավարության դիտարկմանն ուղարկելու։