Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի կոստյումների տարբերությունը

Նիկոլ Փաշինյանն այժմ ապրում է այն տանը, որտեղ ժամանակին ապրել է Սերժ Սարգսյանը: Փաշինյանը նորոգել է տունը` «սևը սպիտակ դարձրել»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում կայացած իր այսօրվա ասուլիսի ժամանակ ներկայացրեց` որն է իր և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «կոստյումների» տարբերությունը։ Փաշինյանն անդրադարձավ այս թեմային` պատասխանելով հարցին, թե շատերն ասում են, որ Սարգսյանի համար կարած «կոստյումը» նաև Փաշինյանին է սազում (նկատի ունեն խորհրդարանական կառավարման համակարգը,–խմբ.)։

«Իմ կոստյումը գիտե՞ք` ինչով է տարբերվում Սերժ Սարգսյանի կոստյումից` իմ գրպաններում միլիարդներ չկան, որոնք կարող եմ օգտագործել ընտրակեղծարարների խմբերի, պաշտոններ առնել–ծախելու, մարդկանց վախեցնելու համար։ Իմ գրպաններում 20-25 լրատվամիջոցներ չկան. դրանք ինչպես եղել են, այնպես էլ շարունակում են մնալ նրանց գրպաններում»,–ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ ապրում է այն տանը, որտեղ ժամանակին ապրել է Սերժ Սարգսյանը։ Տունն այժմ նորոգել և սևը սպիտակ է դարձրել. նույնը տեղի է ունենում պետական կառավարման համակարգի հետ։

Փաշինյանը կարծում է, որ կիսանախագահական համակարգն անպատասխանատու կառավարման համակարգ է` այս տարբերակը Հայաստանի համար պետք է բացառել։

Մենք ուզում ենք երկրում նոր Սերժ Սարգսյա՞ն. Փաշինյանը` սուպերվարչապետական համակարգի մասին

«Կիսանախագահական կառավարման համակարգը ձախողված և Հայաստանը ձախողած համակարգ է։ Պետք է ունենանք կամ ամբողջական նախագահական կառավարման համակարգ, կամ խորհրդարանական։ Մենք կառավարման համակարգ չպետք է փոխենք առնվազն այնքան ժամանակ, մինչև համոզվենք, որ այս կառավարման համակարգը մեզ համար պրոբլեմ է։ Սակայն դեռ ամեն ինչ լավ է»,–ասաց նա։

Վարչապետի խոսքով` հեղափոխության առաջին իսկ օրից եղել են մարդիկ, որ իրեն ասում էին` կիսանախագահական համակարգին պետք է անցնել, երբ բոլոր լծակները նախագահի ձեռքին են, իսկ պատասխանատվությունը` վարչապետի։ Ըստ Փաշինյանի` երբ ինչ–որ խնդիր էր առաջանում, նախագահն իր պատասխանատվությունը դնում էր վարչապետի վրա, նրան աշխատանքից ազատում էր։ Նա կարծում է` պետության իրական լիդերը և ինքն էլ երբեք իր պատասխանատվությունն ուրիշի վրա չպտեք է գցի, քանի որ մեր երկրի ձախողումները եկել են հենց այդ անպատասխանատվությունից։

Սուպերվարչապետ չի լինի, բայց Նապոլեոն նախարարներ կլինեն

Փաշինյանը կարծում է, որ սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը պետք է լինի դատական համակարգի համապատասխանեցումը ներկայիս իրողություններին։

Հիշեցնենք, որ 2015 թ.-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքով Հայաստանը 2016թ.–ի ապրիլի 9-ին կիսանախագահական կառավարման համակարգից անցում կատարեց խորհրդարանականի: 2008թ.–ից ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանը 2018–ի ապրիլի 17–ին ընտրվեց վարչապետ։ Դրան հաջորդեցին արդեն «թավշյա հեղափոխության» հայտնի իրադարձությունները։

Քաղաքագետը բացատրեց, թե ինչու է Փաշինյանը դեռ «սուպերվարչապետի» կոստյում հագնում