«Էրեբունի» պլազայում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Շենքում տեղակայված գրասենյակների աշխատակիցներին հորդորում են դուրս չգալ սենյակներից։ Նրանց հասած տեղեկությունների համաձայն` ինքնաձիգով զինված անձը մուտք է գործել առաջին հարկ և հարցրել. «Որտե՞ղ է գտնվում Քոչարյանի գրասենյակը»։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա մեկ մարդու պատանդ է վերցրել։ Դեպքի վայրում են հատուկջոկատայինները, շտապօգնության աշխատակիցները։
Կրակոցները հնչել են կենտրոնի առաջին հարկում գտնվող սրճարանում։ Նախնական տեղեկություններով՝ կրակոցներ արձակած անձը վնասազերծված չէ և գտնվում է «Էրեբունի պլազայի» ներսում:
Շենքում գործող «Բլիզարդ» քեյթերինգ-ծառայության աշխատակիցը հայտնեց, որ ներքևի հարկի իրենց աշխատակիցներին տարհանել են, մնացել են վերևի հարկի աշխատակիցները։
Ով և երբ է ահազանգել ոստիկանություն «Էրեբունի պլազայում» հնչած կրակոցների մասին
Հիշեցնենք` «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում գործում են մի շարք գրասենյակներ, այդ թվում` «5–րդ ալիք» հեռուստաընկերությունն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։
ՀՀ ոստիկանությունը կրակոցների մասին ահազանգը ստացել է հունվարի 23-ին՝ ժամը 14:38-ին։